Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է
Հունվարի 27-ին նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը: Այսօր աշխարհի մի շարք երկրներում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, կանցկացվեն ոգեկոչման արարողություններ:
2007թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց «Հոլոքոստը ժխտելու» մասին 61/255 բանաձևը, որը դատապարտում է 1933-45 թվականներին հրեաների հոլոքոստի (ցեղասպանություն) ժխտումը: Բանաձևը` Հոլոքոսթի ոգեկոչման օր հռչակեց ամեն տարվա հունվարի 27-ը` «Օսվենցիմ» (Աուշվից) համակենտրոնացման ճամբարի` խորհրդային զորքերի կողմից ազատագրման օրը:
1945 թվականի հունվարի 27-ին Կարմիր բանակի զինվորներն ազատ արձակեցին Օսվենցիմը` փրկելով 3. 790 մարդու կյանք:
Օսվենցիմը կառուցվել է Հիտլերի հրամանով, 1941 թվականին, լեհական Կրակով քաղաքի մերձակայքում: Այն դաժանության ու մարդատյացության խորհրդանիշ է: Այս համակենտրոնացման ճամբարն ամենախոշորն էր այլ «մահվան ֆաբրիկաներից»: Այս և այլ ճամբարները, Ֆաշիստական Գերմանիայի ղեկավարության օրոք, պետք է «լուծեին» գրավյալ տարածքներում բնակվող «ստորին ռասաների» ոչնչացման խնդիրը: Աուշվիցի դերը հատկապես աճեց Վանզեեում 1942թ.-ին անցկացված խորհրդակցություններից հետո, որոնք նվիրված էին «հրեաների հարցի վերջնական լուծմանը»:
Ճամբարի գոյության առաջին փուլը (մինչև 1942 թ. կեսերը) պատմաբաններն անվանում են «լեհական ժամանակահատված», քանի որ այդ ժամանակ բանտարկյալների մեծ մասը Լեհաստանի բնակիչներն էին: Երկրորդ փուլն կոչվեց «հրեական»: Տարբեր տվյալներով` միայն Օսվենցիմում զոհվել է 1.5-2.5 մլն մարդ:
Բոլոր զավթված երկրների հրեա բնակչությունը` ծերեր, երեխաներ, կանայք, ռազմագերիներ, բերվում էին այս ճամբար, որտեղ նրանց կտտանքների էին ենթարկում, սովամահ անում, սպանում, իսկ դիերն այրում դիակիզարաններում: Ճամբարի բժշկական անձնակազմն իր հերթին, բազմաթիվ փորձեր է անցկացրել կալանավորների վրա:
Առաջին անգամ «հոլոքոստ» տերմինը կիրառվել է ամերիկյան մամուլում, 1960-ական թվականներին:









