Պետդումայի ընտրությունները կեղծվել են. Կուդրին

13:48 • 27.01.12

Առանց քաղաքական մրցակցության, թափանցիկ ու արդյունավետ իշխանություն չի լինի: Այս մասին շվեյցարական Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ ասել է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը:

Խոսելով դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին` նախկին նախարարը վստահեցրել է, որ «ընտրությունների արդյունքները բոլոր առումներով կեղծված են»:

Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, Կուդրինը նշել է, որ Ռուսաստանում այժմ տեսանելի են քաղաքական սահմանափակումների իրական նշաններ:

«Ընդդիմադիր կուսակցություններին աջակցել ցանկացող բիզնեսի վրա ճնշում է գործադրվում: Նման օրինակները բազմաթիվ են»,- ասել է նախկին նախարարը:

Նրա խոսքով` «պետք է ձգտել հասնել հասարակության մեջ հանդուրժողականության` չնայած քաղաքական հայացքներին», իսկ բիզնեսը պետք է իրավունք ունենա «ֆինանսավորել կուսակցությունները»: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ «դրան այդքան էլ հեշտ չի լինի հասնել»:

Համաժողովի շրջանակներում Սբերբանկի գործարար ընթրիքի ժամանակ քվեարկություն է անցկացվել, որի ժամանակ մասնակիցները որոշել են Ռուսաստանի համար երեք հիմնական ռիսկերը: Դրանք են` կոռուպցիան (23.8 տոկոս), տնտեսության մեջ չափազանց մեծ պետական հատվածը (17.5), հնացած քաղաքական համակարգը և զսպողական միջոցների ու հակակշիռների բացակայությունը (16.2): Կուդրինը խոստովանել է, որ ցուցակից ինքն ընտրել է «հնացած քաղաքական համակարգը»:

Համաժողովն աշխատանքները կավարտի հունվարի 29-ին: Մասնակիցները քննարկում են եվրոպական պարտքային ճգնաժամից դուրս գալու ուղիներն ու համաշխարհային տնտեսության իրավիճակը: