Մարգար Օհանյանի գործով վկա գնդապետը փոխում է ցուցմունքը
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով վկա, ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանը փոխել է ցուցմունքը:
Այսօր ընթացող դատական հերթական նիստում դատավորի հարցին, թե վկան ինչու է մի բան գրել, սակայն այլ բան է ասում, Ենգիբարյանն ասաց, որ քննիչն ասել է գրի, ինքն էլ գրել է:
«Քննիչին ասել եմ, լսել եմ, ասել ա դե գրի, որ եղել ա, տենց էլ գրել եմ, բայց իմ վաշտի հետ կապված բենզինի դեպք չի եղել»,- ասաց Ենգիբարյանը:
Գնդապետ Եղիշե Ենգիբարյանը նաև ասաց, որ իր` վաշտի հրամանատար եղած ժամանակ երբեք խնդիր չի եղել բենզինի հետ, սակայն մեղադրող դատախազը հակասություն գտնելով վկայի նախնական և դատական ցուցմունքների մեջ, հրապարակեց վկայի նախնական ցուցմունքները:
Այս պահին դատական նիստը դեռ շարունակվում է: Մեղադրող դատախազը նաև վկային հարցրեց, թե արդյոք ինչ-որ մեկն իրեն խնդրել է, որպեսզի ինքը փոխի իր ցուցմունքը, վերջինս ասաց, որ ոչ ոք իրեն չի խնդրել նման բան:
Մարգար Օհանյանը վկայից հարցրեց, թե որ ցուցմունքն է ճիշտ, սա՞, թե` նախաքննության ժամանակ տվածը, ինչին վկան ասաց. «Այսօրվա ասածս պարոն Օհանյան»:









