Մարգար Օհանյանի գործով դատավարությունը հետաձգվեց մինչև փետրվարի 2-ը
Քիչ առաջ ավարտվեց Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական նիստը, որը հետաձգվեց մինչև փետրվարի 2-ը:
Այսօրվա դատական նիստում վկայությամբ հանդես եկան ՃՈ ևս երկու աշխատակից:
ՃՈ երկրորդ սպայական գումարտակի չորրորդ վաշտի հրամանատար Սերյոժա Հակոբյանն ասաց, որ ինքն ստացել է 4-6 տոննա բենզին, բայց մի քանի ամիս շարունակ գրեթե կրկնակի ավել է ներկայացրել հաշվետվությունների մեջ:
Մեղադրող դատախազի հարցին թե ինչու է այդպես արել, նա պատասխանեցոր իրեն այդպես է ասել իր գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը:
Դատախազը հետաքրքրվեց նաև, թե ինչ պատճառաբանություն է բերել Ստեփան Կարախանյանը, երբ հրահանգել է, որ բենզինի ծախսն ավել գրեն: Հակոբյանն ասաց. «Եթե մենք բենզին քիչ էինք ստանում, քիչ էինք գրում, ուրեմն անվադող էլ քիչ կստանայինք: Գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանն ասում էր «շատ ենք գրում, որ շատ ծախս ցույց տանք, անվադողերն էլ շատ տային»»:
Հակոբյանը նաև ասաց , որ ինքը իրավասու չի եղել այդ ամենը զեկուցել Մ. Օհանյանին, քանի, որ իր անմիջական հրամանատարը եղել է Ստեփան Կարախանյանը:
Գործով անցնող մյուս վկան` Կարո Կարապետյանը, ով երկրորդ սպայական գումարտակի, հինգերորդ վաշտի երկրորդ դասակի հրամանատարի պաշտոնակատարն է եղել, դատարանում այսօր ասաց, որ քիչ բենզին է ստացել` ավելացնելով, որ քիչ բենզին ստանալը խանգարել է ծառայությանը. «Քիչ Բենզին է եղել, քիչ են դուրս եկել ծառայույթյան»:
Հիշեցնենք, որ վերջինս միակն է վկաներից, ով ասաց, որ քիչ բենզին ստանալը խանգարել է ծառայությանը:









