Ոստիկանությունում կայացավ հերթական «Ուղիղ կապը»
Երեկ ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով կազմակերպված «Ուղիղ կապ» -ին զանգահարել է 30 քաղաքացի: Նրանց հայտնած տվյալներն այս պահին ստուգվում են Ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ավելին, ըստ Ահարոնյանի՝ քաղաքացիներից մեկին արդեն այսօր առավոտյան լսել են, և հիշյալ վարչությունը ստուգում է հայտնած տեղեկությունների իսկությունը:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության կազմակերպած և շուրջ երեք ժամ տևած «Ուղիղ կապ»-ի հյուրը ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանն էր: Ստացված հարցերը, ըստ Աշոտ Ահարոնյանի, վերաբերել են նաև ոստիկանության ծառայողների կողմից հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելուն, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ քննություն և նախաքննություն կատարելուն, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելուն, դիմում-բողոքներն օրենքով սահմանված կարգով չգրանցելուն, դիմումներին պատշաճ ընթացք չտալուն, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելուն և այլն:
Ոստիկանությունից այն ոստիկանների տվյալները, ում մասին եղել են հաղորդումներ, չեն հայտնվում այն պատճառով, որ հայտնված տեղեկությունները դեռ ստուգվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանություն-քաղաքացի կապի այս տեսակը պարբերական բնույթ է կրելու,և առաջիկայում «Ուղիղ կապ»-ը հյուրընկալելու է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների:









