Պրոխորովը որոշել է գլխավոր «Հակապուտին» դառնալ
ՌԴ նախագահի թեկնածու, գործարար, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը ցանկություն է հայտնել մարտի 4-ին կայանալիք ընտրություններում դառնալ «գլխավոր Հակապուտին»:
«Իմ խնդիրն այդ ընտրություններում գլխավոր Հակապուտին դառնալն է»,- Twitter-ի իր էջում գրել է միլիարդատերը:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն, նա նաև կոչ է արել իջեցնել աշխատանքից և բիզնեսից գանձվող հարկերի չափը:
«Մեզ խաբում են, երբ ասում են, որ մեր աշխատանքից գանձվող հարկերը շատ ցածր են»,- ասել է նա` հավելելով.«Մենք պետք է հզոր անդրսահմանային տնտեսություն ստեղծենք, որպես չինական էքսպանսիայից պաշտպանության վահան»:
Գործարարն ընդգծել է, որ եկամուտների 2/3-ը պետք է մնան շրջաններում:
«Սիբիրում աշխատած գումարները պետք է մնան հենց այնտեղ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Պրոխորովը հայտարարել էր, որ համաձայն է վարչապետ Վլադիմիր Պուտինի` նախագահ դառնալու դեպքում գլխավորել կառավարությունը: Պրոխորովը նշել էր, որ դա կլինի միայն այն դեպքում, եթե իրեն հնարավորություն ընձեռվի իրականացնել իր նախընտրական ծրագիրը: Նա «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում Պուտինի նախընտրական ծրագիրն անվանել էր «կայունացման մոդել», այն դեպքում, երբ ինքն իր ծրագրում կոչ է անում փոփոխություններ կատարել:









