Հայտնաբերվել է Պուտինի հնարավոր եղբոր գերեզմանը
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լենինգրադի շրջափակման մասին պատմող` «Շրջափակման գրքում» հայտնաբերվել է ոմն Վիկտոր Վլադիմիրովիչ Պուտինի մասին հիշատակում, որը մահացել է 1942 թվականին: Պիսկարևյան գերեզմանատան արխիվի աշխատակիցները ռուսական vz.ru գործակալության խնդրանքով աչքի են անցկացրել «Շրջափակման գրքում» Վլադիմիրովիչ հայրանվամբ և Պուտին ազգանվամբ բոլոր այն երեխաների մասին տեղեկությունները, որոնք մահացել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին և հանգչում են այդ գերեզմանատանը:
Գտնվել է միայն մեկ` Վիկտոր Վլադիմիրովիչ Պուտին:
«Նրա մասին միայն հայտնի է այն, որ ծնվել է 1940 թվականին և մահացել 1942-ի հունիսին, թաղված է մեր գերեզմանատան եղբայրական գերեզմանում: Սակայն վարչապետ Պուտինի հետ արյունակցական կապերի մասին ոչինչ ասել չենք կարող, այժմ դա ստուգել գործնականում հնարավոր չէ: Մենք ձեզ խորհուրդ կտայինք ստուգել այդ տեղեկությունը մեկ այլ վայրում ևս»,- ասել է գերեզմանատան աշխատակիցը:
Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն այսօր Լենինգրադի շրջափակումը վերապրած վետերանների հետ հանդիպման ժամանակ «անկեղծացել» է` ասելով, որ հնարավոր է այդ քաղաքում թաղված է իր եղբայրը: «Այստեղ, չգիտեմ կոնկրետ որ մասում, թաղված է իմ եղբայրը, որին ես երբեք չեմ տեսել: Իմ ծնողների պատմածով` 1941 թվականին ընտանիքներից երեխաներին վերցնում էին` փրկելու նպատակով: Իմ մորից էլ են վերցրել»,- պատմել է վարչապետը:
Պուտինի խոսքով, իր եղբայրը հիվանդացել է դիֆտերիայով և մահացել:
«Հայտնել են, որ նա մահացել է, բայց չեն հայտնել` որտեղ է թաղված: Այնպես որ, հավանական է, որ նրա գերեզմանն այստեղ է»,- հավելել է Պուտինը:









