Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալին

19:11 • 27.01.12

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին և քննարկել հայ-ամերիկյան հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` կողմերն ընդգծել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում:

«Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում շարունակաբար ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Էրիկ Ռուբինը, իր հերթին, ասել է, որ ԱՄՆ կշարունակի բարձր հարաբերությունները Հայաստանի հետ:

«Այժմ` երբ մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների և նրա ժողովրդի հանձնառությունը Հայաստանի անկախության, բարեկեցության և հաջողության նկատմամբ մնում է նույն բարձր մակարդակի վրա, ինչպիսին եղել է»,- ասել է Էրիկ Ռուբինը: