Շահնազարովը Պուտինին է ընտրում, «քանի որ Ֆելինի չկա»
Հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովն աջակցում է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությանը, քանի որ նրան համարում է «երկրի միասնականության երաշխիքը»` չնայած Ռուսաստանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին:
Դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը նրա մոտ, սակայն, քննադատություններ չեն առաջացնում, քանի որ նա համաձայն է ցուցարարների գլխավոր պահանջներին` անցկացնել արդար ընտրություններ:
«Ինչ վերաբերում է արդար ընտրություններ անցկացնելուն, ապա ես լիովին աջակցում եմ այդ պահանջին: Սակայն դա Պուտինին աջակցության հետ ոչ մի առնչություն չունի»,- ասել է Շահնազարովը:
Ռեժիսորի խոսքով` Պուտինին ընտրել իրեն ստիպել է «90-ականների շունչը»: «Ես ընդհանրապես չէի ցանկանա, որ երկիրը կրկին անցներ այն ամենի միջով, ինչի միջով անցավ 1991 թվականին: Դրա համար ես որոշեցի հրապարակել իմ ընտրության մասին»,- պարզաբանել է նա:
Շահնազարովն ընդգծել է, որ արդար ընտրությունների անցկացման դեպքում Պուտինը կարող է հաղթել առաջին իսկ փուլում: Նրա կարծիքով` նա առաջադրված թեկնածուներից լավագույնն է, իսկ նախագահական ընտրությունները նման են կինոփառատոնի, որտեղ ժյուրին ընտրում է լավագույն ֆիլմը, «այլ ոչ համեմատում դրանք Ֆելինիի գործերի հետ»:
Ռեժիսորը չի հերքում այն փաստը, որ երկրում բազմաթիվ խայտառակություններ են կատարվում: Նա դեմ է, օրինակ, Պուտինի կադրային քաղաքականությանը:
«Ինձ թվում է` պետք է գիտակցել, որ բացի Պուտինի հետ միևնույն դպրոցում սովորածներից, կան շատ մարդիկ, որոնք կարող էին օգտակար լինել երկրին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե Շահնազարովը մարտի 4-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո կզբաղեցնի մշակույթի նախարարի պաշտոնը: Սակայն օրեր առաջ ռեժիսորը հերքել է լուրերը` նշելով, որ նա կինոն պաշտոնից վեր է դասում:
«Դա իմ գոյության իմաստն է»,- ասել էր նա:










