Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը ձեռք կբերի Գագիկ Ծառուկյանը

12:31 • 27.01.12

Հովհաննես Թումանյանի տունը ամենայն հավանականությամբ ձեռք կբերի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդակցություն է տեղի ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ, որի ժամանակ հայ մեծանուն գրողի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել է, որ իր պապի` Թբլիսիում գտնվող տունն արդեն գնորդ ունի։ Գնորդն, ի դեպ, մտադրություն է հայտնել գործարքից հետո այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:

Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով ևս ներկա է եղել վարչապետի մոտ կայացած քննարկմանը, Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ կա այդպիսի գործարար, սակայն նպատակահարմար չհամարեց նշել նրա անունը։ «Վարչապետի մոտ քննարկվեցին տարբեր տարբերակներ։

Առաջարկվեց նույնիսկ համահայկական դրամահավաք իրականացնել, հիմնադրամներ կազմավորել։ Սակայն Թումանյանի թոռնուհին ասաց, որ այդ գործընթացը կարող է երկար ժամանակ պահանջել։ «Թումանյանի թոռնուհին ասաց. «Պարոն վարչապետ, եթե դեմ չեք, կա մի գործարար, որը պատրաստ է գնել»։ Վարչապետն էլ ասաց՝ «իհարկե, դեմ չենք»»,- մեզ հետ զրույցում պատմեց Անանյանը։

Մեր տեղեկության հետ կապված փորձեցինք տեղեկատվություն ստանալ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարից, սակայն մեզ չհաջողվեց։

Մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ևս նշվում էր, որ բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ պետք է քննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը: