Զոհված զինծառայողների ծնողներին թույլ չտվեցին նախագահին հիշեցնել իր խոստումը

15:48 • 27.01.12

Մինչ նախագահական նստավայրում զինվորականները պարգևներ էին ստանում, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները դրսում բողոքի ակցիա էին անցկացնում նախագահական նստավայրի դիմաց, սակայն նրանց թույլ չեն տվել մոտենալ նախագահին:
Tert.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ ցանկանում են նախագահին հիշեցնել իրենց մեկ տարի առաջ տված իր խոստումը:
«Այսօր լրանում է մեկ տարին, որ մենք պահանջում ենք նախագահից մեր երեխաների քրեական գործերի արդար լուծում»,-ասաց 2001թ. Վայքի զորամասում զոհված զինծառայող Արայիկ Մովսիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը, ով վստահ է, որ իր որդուն սպանել է զորամասի գումարտակի հրամանատարը:

«Մենք ուզում էինք մոտենալ նախագահին ու ասել իր տված խոստումը չի կատարվել, որ մեկ տարվա ընթացքում չգրանցվեց և ոչ մի առաջխաղացում, բայց մեր «փառապանծ» ոստիկանները վախեցան ու թույլ չտվեցին մոտենալ շենքի ճաղավանդակներին»,- ավելացրեց նա:

Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները ստիպված հավաքվել էին նախագահի նստավայրի հակառակ մայթին, որպեսզի նախագահը նկատի իրենց:

«Թող միշտ հիշեն, որ մենք միշտ գալու ենք ու պահանջելու ենք խնդրի լուծման օբյեկտիվություն: Թող ամաչի մեր նախագահը, որ անգամ ինքը խոստացավ ու ոչինչ չարեց: Իսկ այն որ ինքը անցած տարի խոստացավ, դրա մասին բազմաթիվ փաստեր ունենք»,- ասաց 2008թ-ի մայիսի 9-ին գիշերը մահցած Նարեկ Գալստյանի հորաքույրը` Սուսաննա Գալստյանը:

Նա տեղեկցրեց որ զինվորին այդ գիշեր գտել էին բենզինի դատարկ տարայի մեջ և կատարվածըորպես դժբախտ պատահար որակել: Սակայն Տիկին Սուսաննան վստահեցրեց, որ տեղի է ունեցել սպանություն` ավելացնելով, որ իրենց ունեն փաստեր:

Զոհված զինծառայողների ծնողներին հատկապես վրդովեցրեց այն, որ պարգևներ ստացած զինվորականներից որևէ մեկը նախագահականից դուրս գալուց հետո չմոտեցավ իրենց և չհետաքրքրվեց իրենց խնդիրներով:

«Այն զինվորականները, ովքեր հոշոտել են մեր երեխաներին, այսօր նախագահի կողքը կանգնած` լայն ժպիտներով, նկարվում են, էլ ի՞նչ ուզենք նրանցից»,- ասաց 2007թ.Կարճաղբյուրի զորամասում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը: