«Ղալաթ են արել». Փոստանջյանը կլինի «Ժառանգության» համամասնական ցուցակում. Բախշյան

12:40 • 28.01.12

Մամուլում տեղ գտած հրապարակումներին ի պատասխան, ըստ որոնց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ամենայն հավանականությամբ չի ընդգրկվի կուսակցության համամասնական ցուցակում, Անահիտ Բախշյանն Tert.am –ի հետ զրույցում արձագանքեց ժողովրդական բանահյուսության լեզվով. «Ղալաթ են արել»:

Հիշեցնենք, որ այսօրվա մամուլում լուրեր կային այն մասին, որ նախ, «Ժառանգություն»-ում դժգոհ են Զարուհի Փոստանջյանի պահվածքից: Եվ երկրորդ, քանի որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ հնարավոր դաշինքի արդյունքում որոշ «ժառանագականներ» պետք է այլևս չլինեն կուսակցության համամասնական ցուցակում, ապա ամենահավանական թեկնածուներից մեկը Զարուհի Փոստանջյանն է:

«Զարուհի Փոստանջյան քաղաքացու, պատգամավորի տեսակն իր համարձակությամբ, ըմբոստությամբ, հրաշալի ընտանիք և չորս երեխաների մայր լինելու ունակությամբ, չկա որևէ կուսակցությունում: Եվ մենք հպարտ ենք, որ Զարուհի Փոստանջյանը մեր կուսակցությունում է և ապագայում էլ նրան որպես պատգամավոր կտեսնենք խորհրդարանում»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Հարցին, թե «Ժառանգություն»-ում կա՞ ինչ-որ խումբ, որը դժգոհ է Զարուհուց, նրա կուսակից անդամը պատասխանեց` բերելով հետրյալ օրինակը. «Ամեն կուսակցությունում էլ կան անհատներ, որոնք այս կամ այն հարցի լուծման վերաբերյալ իրենց պատկերացումն ունեն: Օրինակ՝ ես գիտեմ, որ իմ որոշ քայլեր հնարավոր է՝ ինչ-որ մարդկանց մոտ հավանության չեն արժանացել, բայց դա բնավ չի նշանակում, որ կուսակցությունում ինձ կամ Զառային չեն ընդունում»,- ասաց:

«ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը ևս Tert.am–ի հետ զրույցում կտրականապես հերքեց Փոստանջյանի մասին հրապարակումները, սակայն «Ազատ դեմոկրատներ»-ի հետ հնարավոր դաշինքը շատ հավանական համարեց:

«Կա գաղափարախոսության ընդհանրություն, պայքարի ընդդհանուր ճանապարհ, բայց վերջնարդյունքում դա դաշինքի տեսք կստանա՞, չեմ կարող ասել»,- նշեց նա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այս պահին ընթանում են հանդիպումներ և քննարկումներ ընդհանուր հարցերի շուրջ, սակայն կուսակցության համամասնական ցուցակ չի քննարկվում:

Tert.am –ի հարցին, թե արդյոք ժամանակը չէ, որ կուսակցությունն արդեն կազմի համամասնական ցուցակ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չէ, դեռ ժամանակ կա»: