Կառուցողական քննադատության մեջ սահմաններ գծելն անիմաստ է. ՊՆ փոխնախարար

17:31 • 28.01.12

Հայաստանի զինված ուժերում իրականացվող ամենօրյա դիտարկումները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանրությանը մտահոգող խնդիրների վերաբերյալ և արձագանքելու դրանց, Tert.am-ին տված հարցազրույցում ասաց Պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Չնայած Ադրբեջանի կողմից իր պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցների (ֆինանսական, նյութա-տեխնիկական, մարդկային) աննախադեպ աճին, ՀՀ զինված ուժերն ապահովել են հակառակորդի հետ ուժերի հավասարակշռությունը, որի արդյունքում Ադրբեջանն ստիպված է եղել զերծ մնալ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելուց: Դավիթ Տոնոյանը սա համարոմ է ՀՀ զինված ուժերի` նախորդ տարվա կարևորագույն ձեռքբերումը:

Պաշտպանության փոխնախարարը նախորդ տարվա ընթացում Հայաստանի զինված ուժերի ընդհանուր մարտունակության տեսանկյունից կարևորում է այն, որ Հայաստանի զինված ուժերի կրակային հնարավորություններն, այդ թվում հեռահար, մանևրային և հետախուզական կարողություններն աննախադեպ ավելացել են ինչպես ներկրված, այնպես էլ սեփական արտադրության սպառազինության և ռազմական տեխնիկայի ներդրման միջոցով:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա խնդիրներին, ապա որպես կարևորագույն անելիքներ Դավիթ Տոնոյանն առանձնացրեց միջնաժամկետ պաշտպանական պլանավորման, ծրագրավորման և բյուջետավորման համակարգի լիարժեք կայացումը, որի միջոցով կապահովվի առավել շատ արդյունք, ավելի քիչ ռեսուրսներով:

Ըստ Տոնոյանի՝ մեծ ուշադրություն է հատկացվելու ՀՀ զինված ուժերում հատկապես ավագ սպայակազմի վերապատրաստմանը, հասարակական իրազեկմանը, կադրերի կառավարմանը, և մեր ռազմական արդյունաբերության հզորությունների ավելացմանը:

-Վերլուծություններ կան, թե երբեմնի փոխլրացված ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխությունն արտացոլվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականության վրա, որ այն ավելի արևմտամետ ուղղվածություն է ստանում;

-Մամուլում երբեմն լինում են վերլուծություններ,որոնք հետաքրքրություն են ներկայացնում, սակայն ոչ միշտ է, որ դրանք կառուցվում են օբյեկտիվ հիմքերի վրա կամ փաստերի ամբողջական ուսումնասիրմամբ ու համադրմամբ: Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերում վարվող քաղաքականությանը, ապա այն ուղղված է առաջին հերթին զինված ուժերի զարգացմանը և մարտունակության բարձրացմանը, իսկ միջազգային ռազմական համագործակցությունը հանդիսանում է ոչ թե արտաքին քաղաքականության արտացոլում, այլ պաշտպանական քաղաքականության նպատակների իրականացմանն օժանդակող միջոցառումների համակարգ: Այս առումով ՀԱՊԿ-ին անդամակցում ենք և ունենք դաշնակցային պարտավորություններ, իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք և ունենք ոչ թե պարտավորություններ, այլ գործընկերության նպատակներ: Այս առումով անհնար է խոսել արևմտամետ ուղղվածության մասին, ՀՀ պաշտպանական քաղաքականությունը շարունակում է մնալ կենտրոնամետ` ուղղված Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ ժողովրդի անվտանգության ու պաշտպանության երաշխավորմանը:

-Պարոն փոխնախարար, մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ բանակի գեներալները խիստ ցավոտ են արձագանքում քաղաքացիական հասարակության հետ Ձեր նախաձեռնած հանդիպումներին:

–Դրանք ասեկոսեներ են կամ ենթադրություններ, ես, ամեն դեպքում, ցավոտ արձագանքների մասին տեղյակ չեմ: Ինչ վերաբերում է հասարակության հետ հանդիպումներին ու քննարկումներին, ապա դրանք նոր չեն, ուղղակի մեր հասարակությունն սկսեց դրանց վերջին շրջանում առավել մեծ ուշադրություն հատկացնել: ՊՆ-ը մեծ ուշադրություն է դարձրել և շարունակում է կատարելագործել ոլորտի հանրային իրազեկման մեխանիզմները: Դրա վառ ապացույցն է Պաշտպանության ռազմավարական վերանայումը, որը եզրափակեցինք հանրային իրազեկման փաստաթղթի հրապարակմամբ: Այս առումով Հայաստանը զգալիորեն առաջ է իր որոշ հարևաններից: Այս ձևաչափով հանդիպումները շարունակվելու են, ուղղակի այդ ամենը չպետք է լինի ինքնանպատակ. քննարկումները պետք է արդյունավետ լինեն նաև պաշտպանական գերատեսչության համար, այսինքն այնտեղ բարձրացվող հարցերը կամ առաջարկությունները պետք է իրոք լինեն իրականանալի, պարունակեն համակարգային լուծումներ պարունակող առաջարկներ: Խնդիրների մասին բոլորս էլ տեղյակ ենք, իսկ դրանց լուծման համար կան համապատասխան ծրագրեր, որոնց մեծ մասն արդեն մեկնարկել է և եթե հասարակական կազմակերպություններն առաջարկեն առավել լավ լուծումներ, դրանք կընդունվեն: Ուղղակի պետք է ափսոսանքով նշեմ, որ մինչ օրս չենք ստացել նման բնույթի առաջարկներ, բայց լավատեսորեն հույս կհայտնեմ, որ դա ժամանակի հարց է: Բանակ-հասարակություն կապերն ամրապնդվելու են, ու բանակի հանդեպ վստահությունը մեծանալու է, այլ տարբերակ չկա, բանակը ժողովրդինն է, ու դա պետք է բոլորս գիտակցենք:

-Դուք համարո՞ւմ եք, որ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամների կամ իրավապաշտպանների բարձրացրած ահազանգերը չափազանցված կամ անհի՞մն են և ուղղորդված են արտասահմանյան դրամաշնորհներ տրամադրող կազմակերպություններից:

- Անկախ հարցը խնդրահարույց դարձնող հանգամանքներից կամ այն բարձրաձայնողի մղումներից` երբ այն հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, ապա, հասարակությունը պարզաբանումներ է ակնկալում: Լրատվամիջոցները, ինչպես նաև սոցցանցերը ահազանգում են բանակային թեմաներով տարաբնույթ հարցերի մասին: Մեր ամենօրյա դիտարկումները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու հանրությանը մտահոգող խնդիրների վերաբերյալ և արձագանքելու դրանց: Այս առումով, կարևոր է լրատվամիջոցի, լրագրողի անկողմնակալ մոտեցումը հիմնահարցին: Այլ խնդիր է, հազարավոր մարդկանց, հատկապես զինծառայողներին, նախազորակոչային տարիքի պատանիների ծնողներին, հարազատներին հուզող հարցերի բարձրաձայնումը, և հավատացեք՝ բոլորովին այլ բան, երբ այն հրամցվում է հակաբանակային տրամադրությունների հրահրմամբ: Ժամանակ առ ժամանակ, նման զգայուն հարցերում հանրության տրամադրությունների ուղղորդումը նաև տեղեկատվական պայքարի` հակառակորդի տեղեկատվական գործողություններին զուգընթաց է լինում: Ուղղակի, այստեղ պատասխանատվության խնդիր կա, եթե որևէ մեկը լինի անհատ, թե կազմակերպություն, զբաղվում է հանրային իրազեկմամբ, կամ ձգտում է ավելացնել թափանցիկությունը, ապա յուրաքանչյուր քննադատությանը պետք է հաջորդի նաև դրա հիմնավորումը, այն չհենվի ատելության սերմանման վրա, այլ տա թեկուզ և թերի, բայց առնվազն անկողմնակալ լուծումներ:

-Ո՞րն է Ձեր կարծիքով քննադատության այն սահմանը, որից այնկողմ լրագրողները կամ իրավապաշտպաններն իրավունք չունեն անցնել:

- Յուրաքանչյուրս կոչված ենք յուրովի իրականացնել հանրությանը ծառայելու մեզ վերապահված գործառույթը: Մեզ համար անչափ կարևոր է կառուցողական քննադատությունը: Այս դեպքում սահմաններ գծելն անիմաստ է: Սա այն ասպարեզն է, որտեղ լրագրողների և իրավապաշտպանների հետ կարելի է արդյունավետ համագործակցություն ծավալել: Նման փորձ արդեն ունենք, իսկ մեր տեղեկատվական քաղաքականության նշաձողը, ըստ իս, հարկ է դնել ավելի բարձր, քան հանրության պահանջարկն է: Չպետք է մոռանալ, որ խոսքը մեր բանակի մասին է: Բանակ, որը փառքով է կատարում իր խնդիրները, ապահովում է այնանհրաժեշտ անվտանգությունը, որը պետք է մեզ բոլորիս, այդ թվում՝լրագրողներին ու իրավապաշտպաններին: Քննադատությունը չպետք է տանի հասարակության պառակտման կամ սեփական բանակի նկատմամբ վստահության նվազման: