Եռաբլուրում ազատամարտիկների հարազատները Ս. Սարգսյանին են հանձնել խնդրագրեր
Այսօր Հայոց բանակի կազմավորման առթիվ նախագահ Սերժ Սագսյանն, ի թիվս այլ պաշտոնյաների, այցելել է Եռաբլուր, որտեղ նրան են մոտեցել արցախյան պատերազմի մասնակիցներն ու նրանց հարազատները և հանձնել իրենց սոցիալական, կենցաղային պայմաններին վերաբերող տասնյակ խնդրագրեր:
Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ՀՀ բարձրագույն զինվորական հրամանատարական կազմի մի շարք ներկայացուցիչների և կառավարության այլ անդամների հետ այսօր վաղ առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն, որտեղ ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Եռաբլուրում էին նաև «Երկրապահ կամավորների միության» վարչությունը՝ բազմաթիվ անդամների և նախկին ազատամարտիկների ուղեկցությամբ:
Հայոց բանակի կազմավորման հերթական տարեդարձի կապակցությամբ այսօր ողջ օրվա ընթացքում Եռաբլուր կայցելեն կառավարության անդամներ, ազատամարտիկներ և շարքային քաղաքացիներ:
Եռաբլուր պանթեոնի մուտքի մոտ ՀՀ նախագահին և կառավարության անդամներին մոտեցան արցախյան պատերազմի մի քանի տասնյակ մասնակիցներ և նրանց հարազատներ՝ խնդրելով լուծում տալ իրենց սոցիալ-կենցաղային խնդիրներին:
Չարենցավանցի Արևհատ Օսիպյանի ամուսինն, օրինակ՝ 94-ին վիրավորվելով, հաշմանդամ է դարձել: Ընտանիքն ունի չորս երեխա, որոնցից ավագն Աֆղանաստանում է ծառայում՝ հայ խաղաղապահների կազմում: Ապրում են գետնափոր կացարանում, աշխատանք չունեն:
Մոտ 20 րոպեի չափ լսելով մարդկանց խնդիրները՝ նախագահը և կառավարության անդամները հեռացան՝ նրանցից վերցնելով խնդրագիր-դիմումները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ մեկ անգամ ևս բարձր գնահատեց Հայոց բանակի մարտունակությունը և տեխնիկական սպառիզինության մակարդակը:









