Վրաստանը Թուրքիային մզկիթ կառուցելու համար տեղ կհատկացնի
Վրացական կողմը համաձայնել է մզկիթ կառուցելու համար տեղ հատկացնել թուրքական կողմին։ Այս մասին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուգրուլ Գյունայը։
«Թուրքիայի և Վրաստանի միջև սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ են հաստատվել, և մենք ցանկանում ենք խորացնել համագործակցությունը նաև զբոսաշրջության և մշակույթի բնագավառում։ Երկու երկրներում էլ մշակութային հուշարձաններ կան, և դրանց վերականգնման վերաբերյալ որոշ ժամանակ մենք բանակցություններ էինք վարում, և այսօր կոնկրետ արդյունքի ենք հասել։ Վրացական կողմը պատրաստ է մեզ տեղ հատկացնել, որտեղ նոր մզկիթ կկառուցենք»,– ադրբեջանական Trend.az կայքի հաղորդմամբ՝ ասել է Գյունայը և հավելել, որ Թուրքիան ևս իր վրա պարտավորություն է վերցրել, վրացի մասնագետների մասնակցությամբ և հսկողությամբ, վերականգնել «Օշկի» վանքն ու Իշխան գյուղի տաճարը։









