Գորբաչովը կոչ է անում վերացնել ինքնակալությունը
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն առաջարկել է Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների և «ինքնակալության վերացման» հանրաքվե անցկացնել: Այս մասին նա խոսել է «Նովայա գազետայում» տպագրված իր հոդվածում:
Նրա կարծիքով, երկրի տարբեր քաղաքաներում անցկացված բողոքի զանգվածային ակցիաները վկայում են ոչ միայն ընտրություններում տեղ գտած խախտումների այլ նաև գործող իշխանության հանդեպ դժգոհության ամսին: Ընդ որում, «Դեկտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ ռուսական հանրությունը պատրաստ է իր իրավունքների մասին հայտարարել»:
Գորբաչովը գտնում է, որ վերջին իրադարձությունները քաղաքական ու սահմանադրական լուրջ ճգնաժամի մասին են վկայում, որին հանգեցրել են իշխանական առկա հարաբերությունները:
«Ժողովրդավարական պետության մեջ չի կարող լինել այնպես, որ որևէ «համախոհների խումբ» կամ կուսակցություն սեփականաշնորհի իշխանությունը: Իշխանությունը չպետք է հասարակությունից, օրենքից վեր լինի», - գրում է Գորբաչովը:
Նա շեշտում է, որ նման իրավիճակի հիմքը դրված է 1993-ին ընդունած սահմանադրությամբ, որը, չնայած որ գաղափարական ու քաղաքական բազամազանություն է հռչակում, սակայն իրականում երկրի նախագահին օժտում է գրեթե անսահման իշխանությամբ: Այդ իսկ պատճառով, երկրի քաղաքական և տնտեսական արդիականացման համար անհրաժեշտ է նախևառաջ փոխել սահմանադրությունը, հանրաքվե անցկացնելու միջոցով:









