ՄԻԱԿ-ը համագումարում կորոշի ինչպես մասնակցել ընտրություններին

13:03 • 28.01.12

«Միացյալ ազատական ազգային կուսակցությանը» (ՄԻԱԿ) երկու ամիսը բավական է ընտրողների կողմից ըստ արժանվույն գնահատվելու համար: Այս մասին Tert.am-ին ասաց ՄԻԱԿ քարտուղարներից Նաիրա Կարապետյանը՝ չմանրամասնելով թե ինչ է նշանակում «ըստ արժանվույն գնահատվել», ընտրվե՞լ, թե` այլ բան:

Նա նաև ասաց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ՄԻԱԿ-ը համագումար կանի և կորոշի՝ ինչ ձևաչափով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Հիշեցնենք, որ կուսակցությունում կան նախագահի աշխատակազմից և պետական այլ կառույցներից մի քանի պաշտոնյաներ, այս թվում՝ Սերժ Սարգսյանի օգնական Լևոն Մարտիրոսյանը, ով կուսակցության 7 քարտուղարներից մեկն է: Իսկ կուսակցության գլխավոր քարտուղարը, հիշեցնենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահն է և «Հազարամյակի մարտահրավերներ» -ի հայաստանյան հիմնադրամի նախկին ղեկավարը:

Tert.am-ի հարցին, թե չե՞ ն կարծում, որ ընդդիմադիր և իշխանական ուժերի այս լարված մրցակցության ֆոնին մի փոքր պասիվ են և հասարակությունն էլ իրենց լավ չի ճանաչում, ՄԻԱԿ քարտուղարը նախ ասաց, որ իրենց վերագրվող պասիվությունը ժամանակավրեպ հայտարություններ չանելու մղումով է պայմանավորված, ապա ավելացրեց, թե անցած 4 տարիներին կուսակցությունը հասարակական և քաղաքական լուրջ ակտիվություն է դրսևորել: «Պարզապես մենք նպատակահարմար չենք համարել ի ցույց դնել մեր գործը»,- ասաց նա:

Որպես հասարակական նախաձեռնությունների լավ օրինակ ՄԻԱԿ քարտուղարը հիշատակեց «Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր» նախագիծը:

Կարապետյանի վստահեցմամբ՝ համագումարից հետո պատրաստվում են շատ երևալ:
Հարցին, թե ՄԻԱԿ-ն ինչ կանի մինչև քարոզարշավն ընկած ժամանակահատվածը Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «ՄԻԱԿ-ն անցած չորս տարիներին այնքան աշխատանք է տարել, որ երկու ամիսն էլ բավական է, որ մեր ընտրողները ըստ արժանվույն գնահատեն մեզ: Եվ թող դա անհամեստություն չհնչի»:

Հիշեցնենք, որ համաձայն այսօրվա մամուլի՝ մի քանի այլ կուսակցականների թվում որոշ ՄԻԱԿ-ականներ ևս կընդգրկվեն «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակ: Սա, կրկին ըստ մամուլի պնդումների՝ առաջացնում է հանրապետականի «հին գվարդիայի» դժգոհությունը, որ իրենցից շատերին փոխարինելու են «ժելեյած» մազերով երիտասարդները:

Նաիրա Կարապետյանը նշեց, որ այդ լուրերը ՄԻԱԿ-ականներին միշտ զարմացնում են, քանի որ իրենք լավ հարաբերություններ ունեն բոլոր կուսակցությունների և այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ:

Մեր այն հարցին, որ «մասնակցության ձևաչափ» ասելով նկատի՞ չուներ հենց ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելը, Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «Ավելի ճիշտ կլիներ, որ այդ հարցն ուղղեիք ՀՀԿ-ին, քանի որ գրում են, որ իրենց ցուցակում ենք ընդգրկվելու: Եթե օրինակ՝գրեին, որ ՄԻԱԿ-ն է ցանկանում ինչ-որ կուսակցության ընդգրկել իր համամասնական ցուցակ, ապա հարցը մեզ ուղղված կլիներ»:

Նաիրա Կարապետյանը նաև նշեց, որ ցուցակները, այդ թվում՝ մեծամասնական, կքննարկվի համագումարի ժամանակ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել, թե արդյոք՝ ՄԻԱԿ-ը կամ որևէ այլ կուսակցություն տեղ կգտնի իրենց ցուցակում: Սակայն, Գալուստ Սահակյանը հիշատակեց առկա պրակտիկայի մասին, երբ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ ԱԺ-ում ներկայացված են ՀՀԿ համամասնական ցուցակով: