Սասուն Միքայելյանի թիմը մեղադրում է քաղաքապետին, որ արդարացնի իր հնարավոր պարտությունը
Հրազդանի քաղաքապետի թեկնածու, «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի թիմը շարունակում է ահազանգել, որ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը չարաշահում է իր լիազորությունները: Tert.am-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար, թեկնածուի լիազոր ներկայացուցիչ Հակոբ Ավագումյանը նշեց, որ մյուս թեկնածուն իր նախընտրական քարոզչությունն իրականացնում է օրենքը խախտելով:
«Գործող քաղաքապետը շարունակում է կիրառել իր ադմինիաստարատիվ ռեսուրսները` ճնշելով այն քաղաքացիներին, ովքեր աշխատում են պետական կառույցներում»,- ասաց նա:
Բացի այդ, ըստ շտաբի ղեկավարի, քաղաքապետի հետ միասին բացահայտ կերպով օրենք է շրջանցում նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով հայտարարել էր, թե ինքը միշտ հաղթում է: «Նա ի՞նչ իրավունք ունի նման հայտարարություն անել, նա մարզպե՞տ է, թե` թեկնածու»,- հարցրեց Հակոբ Ավագումյանը:
«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ով նաև Սպիտակի շրջանային խորհրդի ղեկավարն է, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև ինքն Հրազդանում կատարվող քաղաքական իրավիճակի ընդհանուր բնութագրին այդքան էլ ծանոթ չէ, սակայն համեմատություններ է տեսնում Սպիտակի քաղաքապետի ընտրությունների հետ, որն ի դեպ նույնպես նախատեսված է անցկացնել փետրվարի 13-ին:
«Նույն Սպիտակի դեպքում էլ, երբ ՀԱԿ ներկայացուցիչը տեսավ որ իր քաշն ու կշիռը չի բավարարում, հայտարարեց, թե ինքը ինքնաբացարկ է տալիս, քանի որ համոզված է, որ ընտրությունները կեղծվելու են»,- ասաց պատգամավորը և ավելացրեց. «Դրանք քաղաքական բնույթի հայտարարություններ են` ապահովագրելու իրենց հետագա պարտությունները: այսինքն, եթե ընտրությունների ելքը բացասական լինի, կասեն, «տեսա՞ք, բա որ մենք ասում էինք»»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քարոզարշավին համայնքի չինովնիկների մասնակցությանը, Հովհաննես Սահակյանը դա բնական է համարում, քանի որ, նրա համոզմամբ, տարօրինակ չի, որ քաղաքապետն իր շրջապատում համախոհներ ունի:
ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ եթե ՀԱԿ-ն ունի փաստեր, ապա պետք է ոչ թե հայտարարություն անի, այլ ընդամենը դիմի համապատասխան մարմիններին:









