Սիրիայում երկու օրում մոտ 120 ցուցարար է զոհվել
Սիրիայում միայն վերջին երկու օրերին անվտանգության ուժերի կողմից սպանվել է նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմից դժգոհ մոտ 120 ցուցարար: Ինչպես հաղորդում է ռուսական «Վեստի»-ն, Արաբական պետությունների լիգայի` Սիրիայում գտնվող դիտորդները հայտնել են, որ այս շաբաթը երկրում նշվել է բռնությունների ակնհայտ պոռթկմամբ, հատկապես` Հոմս ու Համա քաղաքներում:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ուրբաթ քննարկում է անցկացրել Սիրիայում ներքաղաքական իրավիճակի կարգավորման բանաձևի շուրջ, որը մտցրել են արաբական մի շարք երկրներ` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ: Փաստաթուղթն Ասադին անհապաղ հրաժարական տալու կոչ է պարունակում:
Մեկնաբանելով բանաձևը` ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ընդգծել է, որ դրանում կան կետեր, որոնք չեն ողջունվում Մոսկվայի կողմից: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետագա քննարկումների:
Նախորդ տարվա մարտից Սիրիայում բախումներ են տեղի ունենում իրավապահների ու Ասադի ռեժիմից դժգոհ սիրիացիների միջև: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` այս ընթացքում զոհերի թիվը մոտենում է 6.000-ին:









