Դինքի գործով նոր մանրամասներ կհրապարակվեն
Թուրքիայի նախագահական ապարատին կից Աուդիտորական պետական խորհուրդը որոշել է, որ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործից որոշ փաստաթղղթեր են բացակայում, իսկ մյուսներում առանց թույլտվության փոփոխություններ են արվել:
Ըստ թուրքական Hurriyet Daily News թերթի` Աուդիտորական պետական խորհուրդը մոտ ապագայում հրապարկվելիք զեկույցում վեր է հանելու մի շարք վիճելի հարցեր, այդ թվում մի ծանուցում, որը 2006թ. ոստիկանությանն է տրամադրել Դինքին սպանող Յասին Հայալի աներձագ Չոկսուն Իգչին: Վերջինս ծանուցման մեջ ոստիկանությանը տեղեկացրել է, որ Յասալը կարող է սպանության փորձ կատարել:
Սակայն ոստիկանությունը պնդում է, որ այս փաստերն իրենց ներկայացվել են միայն Դինքի սպանությունից հետո:
Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվեց 2007թ., թերթի` Ստամբուլում տեղակայված խմբագրության շենքի առջև: Հունվարի 17-ին Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանը Յասին Հայալին ցմահ ազատազրկման դատապարտեց:
Ըստ պարբերականի` Աուդիտորական պետական խորհրդի զեկույցում կարող է ընդգրկվել նաև մեկ այլ ապացույց, ըստ որի, գործով անցնող Թունչայ Ուզունդալը մյուս մեղադրյալ Էրհան Թունցելին հեռախոսային կարճ հաղորդագրություն է ուղարկել` ասելով, որ Յասին Հայալն իրենից 7.65 միլիմետրանոց փամփուշտներ է ուզել:
Մեղադրող կողմը պնդում է, որ հեռախոսային կարճ հաղորդագրությունը ոստիկանության Տրապիզոնի բաժանմունքում փոփոխության է ենթարկվել, իսկ այն մասը, որում Հայալը փամփուշտներ է ուզում` ջնջվել:
Ըստ Hurriyet Daily News` հնարավոր է, որ զեկույցի հրապակումից հետո որոշ պետական ծառայողների նկատմամբ հետաքննություն սկսվի:









