Հրվ. Օսիայի ընդդիմության առաջնորդը որոշել է իր երդմնակալության օրը

14:38 • 29.01.12

Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոեվան հայտարարել է, որ փետրվարի 10-ին տեղի կունենա իր նախագահական երդմնակալության արարողությունը: Ջիոեվան այս մասին ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում:

«Ես պաշտոնապես կստանձնեմ պաշտոնը փետրվարի 10-ին: Առայժմ չեմ կարող նշել երդմնակալության արարողության վայրը: Ես Հարավային Օսիայի ղեկավարի պաշտոնակատարին կդիմեմ իշխանությունը քաղաքակիրթ ձևով փոխանցելու պահանջով ինչպես վայել է օրինական ընտրված նախագահին»,- ասել է Ջիոեվան:

Նա նաև նշել է, որ իր որոշումը պայմանավորված է նրանով, որ Հարավային Օսիայի իշխանությունները պատրաստ չեն լսել իրեն:

Հիշեցնենք, որ Վադիմ Բրովցեվը նշանակվել էր Հարավային Օսիայի նախագահի պաշտոնակատար այն բանից հետո, երբ գործող նախագահ Էդուարդ Կոկոյտին մայրաքաղաք Ցխինվալում սկսված բողոքի զանգվածային ցույցերից հետո հրաժարական տվեց: Ցուցարարները բողոքում էին Գերագույն դատարանի որոշումը, որով չեղյալ էր համարվել անցած տարվա նոյեմբերի 27-ին անցկացված նախագահական ընտրություննեի արդյունքները, ըստ որոնց, հաղթել էր Ջիոեվան:

Վադիմ Բրովցեվի նշանակումը մասն էր նաև Ջիոեվայի հետ ձեռք բերված գործարքի, ըստ որի, Կոկոյտին պետք է հրաժարական տար, իսկ Ջիոեվային պետք է իրավունք տրվեն մասնակցել 2012թ. մարտի 25-ին նշանակված նախագահական նոր ընտրություններին: Սակայն ավելի ուշ Ջիոեվան ետ էր վերցրել իր ստորագրությունը` պահանջելով կատարել իշխանությունն ընտրված թեկնածուն փոխանցելու բոլոր իրավական գործընթացները: