МУЗ-ТВ-ն Լեդի Գագայի պատճառով 1,5 մլն դոլարի հայց է ներկայացրել

21:49 • 29.01.12

Ռուսական МУЗ-ТВ հեռուստաալիքը տնօրինող ЮТВ մեդիա - հոլդինգը Մայամիի դատարանում New Wave Entertainment ընկերության դեմ հայց է ներկայացրել:

Ռուսական կողմը պնդում է, որ ամերիկացիներն իրենց խաբել են 2012թ. ամռանը МУЗ-ТВ-ի մրցանակաբաշխության արարողությանը երգչուհի Լեդի Գագայի ելույթի կազմակերպման հարցում:

Lifenews.ru-ի հաղորդմամբ` ЮТВ-ի և NWE-ի միջև պայմանավորվածության համաձայն, վերջինս, ունենալով բոլոր անհրաժեշտ կապերը, պետք է կազմակերպեր երգչուհու համերգը:

Նախապատրաստվող համերգի համար փոխանցված գումարը կազմել է 1,5 մլն դոլար: Սակայն, նախատեսված ժամկետի ավարտին, NWE-ի ներկայացուցիչները չեն կարողացել Լեդի Գագայի հետ պայմանագիր կնքել, իսկ ռուսական կողմի փողը վերադարձնելու բոլոր պահանջներին NWE-ն ժխտական պատասխան է տվել:

Բացի այդ, 1,5 մլն դոլարից New Wave Entertainment-ը որպես միջնորդավճար պահել է 300 000 դոլար:

Այժմ ЮТВ-ն «խաբեբաներից» բոլոր ծախսերի լիակատար փոխհատուցում է պահանջում,այդ թվում և բարոյական վնասի հատուցում: