Մեծ Բրիտանիան առանցքային է համարում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը. դեսպան
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության՝ ՄԹ նորաշանակ դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը որպես քաղաքական ակնկալիք առանձնացնում է առաջիկա խորհրդարանական ընտրությունները և լարված աշխատանքը, որ պետք է տանել՝ Հայաստանի պատմության մեջ «լավագույն ընտրությունները» ստանալու համար: Տիկին դեսպանի կոչն ուղղված է ոչ միայն ՀՀ իշխանություններին, այլև բոլորին և առաջին հերթին՝ ընտրողներին, որ ակտիվորեն մասնակցեն քվեարկությանը: Այս մասին Քեթրին Ջեյն Լիչը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Դեսպանի փոխանցմամբ՝ ՄԹ-ն առանցքային հարց է համարում նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ջոնաթան Ջեյմս Էյվս և Քեթրին Ջեյն Լիչ ամուսնական զույգը նշանակվեց ՀՀ-ում համատեղ դեսպաններ՝ հաջորդելով Չարլզ Ջոն Լոնսդեյլին: Դեսպանի պաշտոնը նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ:
«ՄԹ-ն միշտ էլ աջակից է եղել Թուրքիայի կողմից ԵՄ-ին անդամակցությանը, որպեսզի Թուրքիան բարեկամանա իր հարևան երկրների հետ»,-նշեց Հայաստանում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանը՝անդրադառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի այն հայտարարությանը, որ իրենց երկիրը Թուրքիայի տեսնում է ԵՄ-ում: Տիկին դեսպանն ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը առանցքային հարց է համարում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը:
«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե դրա համար լավագույն նպատակը որն է, բայց մենք կարծում ենք, որ Թուրքիայի կողմից ԵՄ անդամակցությամբ Հայաստանն ու Թուրքիան ավելի լավ կհամագործակցեն»,- ավելացրեց բրիտանացի դիվանագետը: Նա այս մասին խոսեց Հայոց ցեղասպանության՝ հայերի համար խիստ ցավոտ հարցի համատեքստում:
Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը, որ օրերս է հավատարմագրերը հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, լավ ծանոթ չէ Հայաստանի մշակույթին, սակայն հույս ունի արագ լրացնել այդ բացը:









