Չիլիում բացվել է «Հայաստան» անվանումը կրող հրապարակ
Հունվարի 29-ին, Չիլիի Պուերտո Վիլյամս բնակավայրում, որի բնակչությունն ընդամենը 2500 մարդ է, մեծ հանդիսավորությամբ բացվել է «Հայաստան» անվանումը կրող հրապարակ և զետեղվել Հայաստանից բերված խաչքար:
Ըստ Արտգործնախարարության հաղորդագրության` Պուերտո Վիլյամսին հայկական խաչքար նվիրելու գաղափարը պատկանում է հանրաճանաչ արգենտինահայ գործարար, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:
Միջոցառմանը մասնակցել են այդ նպատակով Պուերտո Վիլյամս ժամանած Էդուարդո Էռնեկյանը, Արգենտինայում և համատեղության կարգով Չիլիում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Չիլիում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչին:
Չիլիական կողմից հանդիսությանը մասնակցել են Չիլիական Անտարկտիկա նահանգի նահանգապետի պաշտոնակատար Ֆաբիոլա Տորրես Պերալտան և պաշտոնատար այլ անձինք:
Ելույթներով հանդես են եկել գործարար Էդուարդո Էռնեկյանը, ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և փոխծովակալ Ումբերտո Ռամիրես Նավառոն:









