Արտակ Նազարյանի իրավահաջորդների բոյկոտին կմիանա նաև 3 ամբաստանյալ

15:36 • 30.01.12

Զոհված զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդները կբոյկոտեն նրա մահվան գործի դատավարության տեղափոխությունը Տավուշի մարզի Իջևան քաղաք և չեն մասնակցի դատական նիստերին, այս մասին այսօր հայտարարեցին տուժող կողմի իրավահաջորդները և նրանց փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը և Ռուբեն Մարտիրոսյանը:

Ամբաստանյալների պաշտպան Ալվարդ Մնացականյանն իր հերթին տեղեկացրեց, որ բոյկոտին կմիանան նաև ամբաստանյալներից երեքը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքերով՝ Երևանի Շենգավիթի շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իրականացվող բաց դատական քննությունը ձեռնտու չէր մեղադրողներին, քանի որ, ըստ նրա, նիստին մասնակցում էին լրատավամիջոցներ և քաղաքացիական հասարակության անդամներ:

«Վկաների քննությունն ընթանում էր «բարդ, նրանց համար անկանխատեսելի սցենարով: Նրանք նախատեսել էին մեկ-երկու հարցաքննությամբ ավարտել, սակայն այդպես տեղի չունեցավ»,- ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ դատավոր Սամվել Մարդանյանը արդարություն վերականգնելու նպատակ չունի: «Նրա գործունեությունը մեղադրական նյութեր հաստատելն է, այսինքն՝ կնիք դնելը, ինչը բարդ էր կատարել Երևանում, քանի որ այստեղ գործը մասսայական ուշադրության կենտրոնում էր: Գործը տեղափոխելով՝ նպատակ է դրվում արագ, տնավարի գործի քննությունն ավարտել: Իսկ Իջևանում կեղծ դատաքննությունը մարսելը ավելի հեշտ կլինի»,- նշեց նա:

Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ Իջևանում վկաների մեծ մասը չի ներկայանա դատարան, և դիմում կներկայացնի, որպեսզի իրենց նախաքննական ցուցմունքները հիմք վերցվեն, ինչն էլ ըստ նրա, կդրվի գործի քննության հիմքում:

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանի մահվան փաստի առթիվ քրեական գործով անցնում է հինգ մեղադրյալ: Տուժողի իրավահաջորդների պնդմամբ՝ նախաքննության կողմից ինքնասպանություն որակվածն իրականում սպանություն է:

Ինչպես Մուշեղ Շուշանյանը, այնպես էլ Ռուբեն Մարտիրոսյանը համոզված են, որ դատական նիստերի տեղափոխության մասին որոշումը դատավոր Մարդանյանն ինքնուրույն չի կայացրել:

«Ես համոզված եմ, որ այս գործում ստվերային համահեղինակը զինվորական դատախազությունն է: Եթե Զինդատախազությունն իսկապես օբյեկտիվ մտադրություն ուներ, ապա նա պետք է նախաքննության ընթացքում կատարած հանցագործությունների համար առնվազն 20 հոգու ենթարկեր պատասխանատվության: Մինչդեռ դրանք անվանվեցին թերություն, ինչն իրականում հանցագործություն էր»,- բացատրեց Ռուբեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ դատախազը ստիպում է գործը տեղափոխել Իջևան, որպեսզի իրական փաստերն ի հայտ չգան:
Ամբաստանյալների փաստաբան Ալվարդ Մնացականյանի խոսքով՝ իր պաշտպանյալները նախաքննական կեղծ ցուցմունքներ կորզելու նպատակով ենթարկվել են բռնության: Մնացականյանը պնդում է, որ նրանք անմեղ են:

Փաստաբանները նշեցին, որ իրենք ոչ թե չեն ուզում ներկայանալ դատավարությանը, այլ չեն ուզում ներկայանալ` իրենց ձևակերպմամբ «կեղծ դատավարությանը», ուստի ամեն ինչ անելու են, որպեսզի գործը կրկին Երևան տեղափոխվի: Իսկ դրա համար, նրանց կարծիքով, մեծ դեր կունենա ամբաստանյալների և տուժող կողմի միավորումը:

«Դատավորը չէր սպասում, որ ամբաստանյալներն ու տուժող կողմը կմիավորվեն: Իսկ միավորվեցինք, քանի որ դա բարոյական է և բխում է արդարադատության որոշումից»,- ասաց տուժող կողմի իրավահաջորդների փաստաբան Ռուբեն Մարտիրոսյանը:
Բոյկոտելոց բացի` կողմերը դատավոր Մադաթյանին ինքնաբացարկ ներկայացնելու դիմում կհղեն նախագահի վերահսկողության բաժնի պետին, չնայած , նրանց համոզմամբ, դա «անհեռանկար որոշում է»:

Բացի այդ, փաստաբան Շուշանյանը նշեց, որ եթե բոլոր ամբաստանյալներից միանան բոյկոտին, շատ հավանական է, որ արդյունքի հասնեն և գործը կրկին բերվի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

«Այս քայլը պատային իրավիճակ է ստեղծում, նրանք տեղի կտան և գործը կտեղափոխվի Երևան»,- հույս հայտնեց նա: