Վրաստանում կին կալանավորները հացադուլ են սկսել

14:03 • 30.01.12

Թբիլիսիի կանանց գաղութի մի խումբ դատապարտյալներ այսօրվանից անորոշ ժամանակով հացադուլ են սկսում` բողոքելով իրենց երեխաներին անօթևանների ապաստան տեղափոխման դեմ:

Ինչպես հաղորդում է vz. ru-ն, գաղութի տնօրինությունն այդ կանանց` մինչև 3 տարեկան երեխաներին տեղափոխում է անօթևան երեխաների տուն:

«Ազատազրկվածները պահանջում են չզրկել իրենց երեխաների հետ լինելու իրավունքից: Այս քայլով խախտվում են նաև երեխայի իրավունքները, քանի որ ծնողների հետ լինելու հնարավորության առկայության դեպքում, երեխաները ստիպված են մեծանալ առանց մայրերի: Այս կալանավորները դեռ երկար ժամանակ ստիպված կլինեն բանտում գտնվել, և ոչ ոք չգիտի` նրանք երբ կտեսնեն իրենց երեխաներին»,- հայտնել է «Նախկին քաղբանտարկյալները հանուն մարդու իրավունքների» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Նանա Կակաբաձեն:

Նրա խոսքով` հացադուլի միջոցով կանայք փորձում են հասարակության ու լրատվամիջոցների ուշադրությունը սևեռել խնդրին: Նրանք օգնության խնդրանքով դիմել են նաև վրացական իշխանություններին ու Առաջին տիկնոջը` Սանդրա Ռուլոֆսին: Իրավապաշտպանի խոսքով` նրանց խնդրանքը մնացել է անպատասխան: