Հայաստանում չարտոնագրված դեղերի խնդիր կա. Էդգար Գյանջումյան

14:53 • 30.01.12

Հայաստանում արյան քաղցկեղի բուժման համար նախատեսված չարտոնված դեղերի պակաս կա, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օգնեմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդգար Գյանջումյանը:
Նրա խոսքով` ի տարբերություն Հայաստանի, այդ դեղերը լայնորեն օգտագործվում են արտասահմանում:

«Այս խնդրով մենք Հայաստանում դիմել ենք համապատասխան մարմինների և կարծում եմ, որ պետությունը կարող է այն լուծել»,- ասաց նա :

«Երկրորդ խնդիրը, որ մենք բարձրացնում ենք, այս հիվանդությամբ տառապող երեխաների կացարանի խնդիրն է: Նրանցից շատերը մարզերից են և մայրքաղաքում ապրում են բարեկամների տանը: Ինչքանո՞վ է դա հարմար»,- հարցադրում է անում Գյանջումյանը:
Ըստ նրա` կա մեկ այլ խնդիր. այն երեխաները որոնք գալիս են մարզերից և բուժում ստանալուց հետո տուն են վերադառնում տրանսպորտով, շատ շուտ կարող են այլ բացիլներով վարակվել:

«Նրանք շատ թույլ են և կարող են վերցնել ցանկացած վարակ, ինչը կարող է ազդել դրանց (դեղերի) ազդեցության վրա»,- բացատրեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Նրա խոսքով` այս երեխաների բուժման հարցը չի կարելի ամբողջությամբ բարդել պետության վրա և բնական է, որ այդ հարցերով հաճախ զբաղվում են տարբեր հիմնադրամներ:

Ըստ Գյանջումյանի` ոլորտում բուժման նորանոր մեթոդներ են առաջ գալիս և պետության կողմից տրամադրված գումարները սկսում են չհամապատասխանել բուժման համար անհրաժեշտ գումարին:

«Իսկ բժիշկները սրտացավ են և միշտ ուզում են բուժումն իրականացնել նորագույն մեթոդներով: Եվ այստեղ հաճախ օգնության են հասնում հենց տարբեր հիմնադրամները»,- ասաց Էդգար Գյանջումյան:

Նա նաև տեղեկացրեց որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներով անձամբ զբաղվում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: