Յուրաքանչյուրն իրեն դրել է ասեղի, իսկ դիմացինին՝ փուչիկի տեղ. Ծառուկյանի մամուլի խոսնակ
«Քաղաքական փուչիկները պայթելու հատկություն ունեն»,-Tert.am-ին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով «Հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, որ ԸՕ-ի հարցում «Բարգավաճի» խոսքն ու գործը չեն համընկնում:
Փաստորեն, ԲՀԿ-ն չի օգտվում «Հանրապետական»-ի կարգախոսների «հիման վրա» հայտարարություններ անելու իր կոալիցիոն գործընկերոջ գործելաոճից, բայց միևնույն ժամանակ նույն բառապաշարով, այն է՝ փուչիկի օրինակով է պատասխանում հանրապետական Գագիկ Մելիքյանին, որը կայքերից մեկին ասել էր, որ ՀՀԿ-ում միշտ էլ կգտնվի ասեղ, որը ցանկացած պահի կարող է պայթեցնել նույնիսկ քաղաքական ամենամեծ փուչիկը:
Նկատենք, որ կոալիցիոն գործընկերների միջև այս կարգի հայտարարությունների «փոխանակումը» նոր չէ, և նման հայտարարություններին վերջ տրվեց 2010-ի փետրվարին՝ ԲՀԿ համագումարից հետո, երբ Ծառուկյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» ապագա նախագահական ընտրություններին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօրվա հավաքին, ապա այն հերթական աշխատանքային նիստ էր, որը պարբերական բնույթ է կրում: Այս մասին ևս հայտնեց Խաչիկ Գալստյանը:
Tert.am-ի տեղեկությունները, որ այսօր ԲՀԿ-ն քննարկել է նաև իր նախընտրական ծրագիրը, Խաչիկ Գալստյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց:









