Սամվել Նիկոյանը 100 տոկոս համամասնականի վերաբերյալ իրեն ուղղված նամակը վերահասցեագրել է Դավիթ Հարությունյանին

13:56 • 30.01.12

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցով լսումներ կազմակերպելու խորհրդարանական ուժերի՝ իրեն հասցեագրված նամակը սահմանված կարգով վերահասցեագրել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովին, որն էլ օրենքով սահմանված կարգով կորոշի՝ լսումներ անցկացնե՞լ, թե ոչ: Այս մասին այսօր Tert.am-ին հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելու ՀՅԴ-ի ու «Ժառանգության» պահանջի տակ ստորագրել էր նաև կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահից այս պահին չհաջողվեց պարզել՝ լսումներ կլինե՞ն, թե ոչ: Այս մասին տեղեկացված չէին նաև առաջարկի հեղինակները: «Երևի թե այս շաբաթ հանձնաժողովի նիստում այս հարցը կքննարկվի»,-ասաց «Ժառանգություն«-ից Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները մշտապես պոպուլիստական քայլ են որակում այս առաջարկը , իսկ ԲՀԿ-ին էլ մեղադրում են, որ այդ քաղաքական ուժը որպես Ընտրական օրենսգրքի համահեղինակ, այս մասին առաջարկներ չի արել օրենգրքի համատեղ քննարկման ժամանակ: