Պուտինին այն աշխարհ ուղարկած հաղորդավարուհուն չեն պատժի
Կրասնոյարսկի ТВК հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է չպատժել աշխատակցուհի Մարիա Բուխտուևային, որը ուղիղ եթերում լեզվի սայթաքում էր ունեցել և Վլադիմիր Լենինի փոխարեն առաջարկել թաղել Վլադիմիր Պուտինին, հաղորդում է տեղական Пресс-лайн լրատվական գործակալությունը:
Հեռուստաալիքի գործադիր տնօրեն Քսենիա Չերեպանովան հայտնել է, որ սխալմունքի համար ոչ մի պատիժ չի լինի. «Մենք ,ի՞նչ է, պետք է քառատե՞նք նրան` այն էլ ազատ պետությունում», - ասել է նա:
Հաղորդավարուհին հունվարի 27-ին մասնավորապես ասել էր. «Արդյո՞ք հարկավոր է հուղարկավորել Վլադիմիր Պուտինին»` միանգամից դառնալով սոցցանցերի թեժ քննարկումների առարկա: Ինչպես նաև մեկնաբանությունների` թե Բուխտուևայի կարիերան դրանից հետո կարելի է ավարտված համարել:
Իսկ Լենինին հողին հանձնելու առաջարկով հանդես էր եկել նախագահության թեկնածու Միխայիլ Պրոխորովը: Գործարարը կարծում է, որ հենց այդ հարցով շտապ պետք է հանրաքվե անցկացնել:









