«Բարգավաճ Հայաստան»-ի հետ նման քննարկումներ ունեցել եմ. Վարդան Օսկանյան

18:51 • 30.01.12

ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս կամ այն կուսակցության հետ համագործակցելու հնարավորության վերաբերյալ խոսակցությունները։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Ես խորապես հավատում եմ, որ Հայաստանի համար ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը անսահման կարևոր է։ Հայաստանը լրջագույն և խորքային բարեփոխումների կարիք ունի: Համոզված եմ, որ երկրի բոլոր քաղաքացիներն են այդպես մտածում: Բարեփոխումներ ու փոփոխություններ կիրականացվեն, եթե նոր խորհրդարանում քաղաքական նոր հարաբերակցություն ստեղծվի: Իսկ քաղաքական նոր հարաբերակցություն խորհրդարանում միայն ազատ և արդար ընտրությունները կարող են ապահովել:

Սա է իմ քաղաքական ներգրավվածության հիմնական դրդապատճառը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իմ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն:«Բարգավաճ Հայաստան»-ի հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ ևս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել և կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս:

Այսօր միաժամանակ ընթացքի մեջ են մի քանի գործընթացներ։ Առաջին՝ կուլիսների հետևում ընթացող քննարկումներ տարբեր կուսակցությունների, ներառյալ կոալիցիոն ուժերի միջև։ Երկրորդ՝ քաղաքական դրդապատճառներով ճնշումներ տարբեր կուսակցությունների՝ հատկապես «Բարգավաճ Հայաստան»-ի վրա։ Երրորդ՝ նախընտրական այս փուլում արդեն վարչական ռեսուրսների օգտագործումը ընտրական գործընթացում շահեկան դիրքեր զբաղեցնելու նպատակով: Եվ վերջապես խորհրդարանի կազմավորման հարցում ամենակարևորը՝ ընթացող քննարկումները մեծամասնական-համամասնական տարբերակների շուրջ:
Հայաստանում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով:

Բայց դա հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն անզիջող կեցվածք է ընդունել: Հետևաբար, ցանկալի կլիներ, որ բոլոր այն ուժերը, որոնք պաշտպանում են համամասնական մոտեցումը՝ «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, «Ժառանգություն», Ժողովրդական կուսակցություն, Ազատ դեմոկրատներ և այլք, այս հարցի շուրջ առաջիկա խորհրդարանական լսումներից հետո այլևս ժամանակ չկորցնեն և այս ընդհանուր մոտեցումը վերածեն քաղաքացիական շարժման՝ կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում»: