Պետք է ամբողջությամբ փոխել երկիրը. Պուտին

13:00 • 30.01.12

«Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ ունենալ այնպիսի տնտեսություն, որը երկրին չի երաշխավորում կայունություն ու ինքնիշխանություն»: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական հոդվածում, որն ամբողջությամբ նվիրված է տնտեսությանը:

Ըստ վարչապետի` տնտեսական քաղաքականությունն արագ թարմացման կարիք ունի : Բնական ռեսուրսների օգտագործման շնորհիվ ռուսական տնտեսությունը կարողացել է դառնալ համաշխարհային տնտեսության բնական մի մասը, սակայն ընկել է դրանից լուրջ կախվածության մեջ:

«Մեզ հարկավոր է նոր տնտեսություն`  մրցակցելու ընդունակ արդյունաբերությամբ ու ենթակառուցվածքներով, զարգացած սպասարկման ոլորտով, արդյունավետ գյուղատնտեսությամբ: Պետք է ունենալ տնտեսություն, որը հիմնված կլինի ժամանակակից տեխնոլոգիական բազայի վրա», - ասված է նախագահի թեկնածուի` «Պուտին- 2012» նախընտրական կայքէջում տեղակայված հոդվածում:

Պուտինի կարծիքով` Ռուսաստանն առաջին հերթին պետք է առաջ անցնի տեխնոլոգիական ոլորտում, հակառակ դեպքում` երկիրը մշտապես ռեսուրսներ կկորցնի :

«Տեխնոլոգիական առաջնորդությունը վերադարձնելու համար մեզ հարկավոր է առաջնահերթություններ ընտրել: Դրանք են` դեղագործական, բարձրտեխնոլոգիական քիմիայի, ավիացիոն արդյունաբերության ոլորտները, նանոտեխնոլոգիաները և այլն: Այն ոլորտներում, որտեղ մենք չենք կորցրել մեր առաջատարի դիրքերը, ատոմային արդյունաբերությունն է և տիեզերքը»- գրել է նա:

Վարչապետը հիշեցրել է, որ նոր արտադրությունների ստեղծման համար գլխավոր աղբյուրը մասնավոր ներդրումներն են, իսկ այդ հարցում Ռուսաստանը գրավչությամբ զիջում է հիմնական մրցակիցներին:

«Խնդիրը կարելի է լուծել ներքին շուկայի մեծացման, մասնավորապես` ինտեգրման գործընթացների ու Մաքսային միության ստեղծման շնորհիվ: Նաև անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ գործնական միջավայր»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է փոխել պետությունն ամբողջությամբ, ներառյալ` գործադիր ու դատական իշխանությունը: «Հարկավոր է փոխել բիզնեսի նկատմամբ պետական հսկողության ողջ գաղափարախոսությունը»,- ասել է նա:

Ըստ Պուտինի` մինչև այս տարեվերջ պետք է հարուստների նկատմամբ լրացուցիչ հարկային բեռի սահմանման որոշում ընդունել: Նա միևնույն ժամանակ նշել է, որ հարուստների համար նախատեսված հարկերի տակ չպետք է ընկնի նաև միջին խավը:

Հիշեցնենք, որ սա Պուտինի հրապարակված արդեն երրորդ հոդվածն է: Առաջինը վերաբերել է Ռուսաստանի վերջին տարիներին գրանցած հաջողություններին ու ձեռքբերումներին, իսկ երկրորդը` ազգային հարցին: