Ռոստովում հային կդատեն քրոջը բռնաբարելու համար

09:08 • 30.01.12

Ռուսաստանի Ռոստովի մարզի դատախազությունը հաստատել է ՀՀ 33-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, տղամարդը մեղադրվում է ավազակային հարձակման, բռնաբարության, սեռական բնույթի գործողությունների և սպանության սպառնալիքի մեջ։

Ռոստովի մարզի դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2010թ. օգոստոսին Հայաստանի վերոնշյալ քաղաքացին Դոնի Ռոստով քաղաքում հարձակվել է մի անծանոթ աղջկա վրա, ծեծել նրան, հափշտակել նրա բջջային հեռախոսը, ապա թաքնվել դեպքի վայրից:

2011թ. հունվարին մեղադրյալը, բնակություն հաստատելով Դոնի Ռոստովում գտնվող իր հորեղբոր տանը, բազմիցս բռնաբարել, ինչպես նաև սեռական բնույթի այլ գործողություններ է իրականացրել հորեղբոր աղջկա նկատմամբ:

«Վերոնշյալ հանցագործությունները կատարելուց հետո, ՀՀ քաղաքացին դանակը դրել էր անչափահաս աղջկա կոկորդին (երբ աղջկա մայրը մեղադրյալին «բռնացրել էր» աղջկա հետ` ննջասենյակում), նրան ու նրա ընտանիքին սպառնացել էր սպանել` կատարվածի մասին ոստիկանությանը հայտնելու դեպքում»,–-ասված է հաղորդագրության մեջ:

Նախկինում նման հանցագործությունների համար դատված ՀՀ քաղաքացին այժմ կալանավորված է, քրգործը Ռուստովի մարզային դատարան է ուղարկվել: