125,4 մլն դրամ բյուջետային ֆինանսավորում Սևանա լճին

13:15 • 30.01.12

Սևանա լճում այս տարի նախատեսվում է 125,4 մլն դրամ բյուջետային ֆինանսավորման շրջանակներում մաքրման աշխատանքներ իրականացնել շուրջ 200 հա ափամերձ անտառածածկ տարածքներում, այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նրա խոսքով` կիրականացվեն նաև ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումներ:

«Իրականացվելու է նաև Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով 300 հազ. հատ մանրաձկան բաց թողում Սևանա լիճ՝ 60 մլն դրամ բյուջետային հատկացուների հաշվին»- ասաց նախարարը:

Ըստ նրա`Սևանա լճում և ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետինի պաշարների հաշվառման աշխատանքները շարունակվելու են, որոնց ֆինանսավորման ծավալը կկազմի 7.5մլն դրամ:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա նոր ծրագրերի մեջ ներառված է Սևանի ազգային պարկի տարածքում երրորդ հանրային լողափի հիմնումը: Այս աշխատանքների համար նախատեսված է 47.8 հազ. դոլար:

«Մոնիտորինգի արդյուքնում պարզել են, որ անցած տարի շուրջ 100 հազ. քաղաքացի օգտվել է հանրային լողափներից և նախատեսված է ավելացնել դրանց քանակը: Քաղաքացիների հիմնական անհարմարությունները վերաբերում էին սանհանգույցներին: Այս հարցը մենք շտկելու ենք»,- խոստացավ նախարարը: