Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է բանակցել իշխանությունների հետ

18:44 • 30.01.12

Սիրիական ընդդիմությունը Մոսկվայում բանակցություններ անցկացնելու հրավեր չի ստացել, իսկ առաջարկի դեպքում` կհրաժարվի դրանցից: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայտնել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:

«Մենք պաշտոնապես ոչ մի հրավեր չենք ստացել: Եթե նման առաջարկ կա, ապա դա, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա ազդելու փորձ: Սակայն ես հստակ ասում եմ, որ մեր դիրքորոշումը չի փոխվել, իսկ այն հետևյալն է` չգնալ երկխոսության (նախագահ Բաշար ալ Ասադի հետ)»,- Սիրիայի Ազգային խորհրդի գործադիր կոմիտեի անդամ Աբդել Բասետ Սեդի խոսքերն է մեջբերել գործակալությունը:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ սիրիական իշխանություններն ընդունել են Մոսկվայում ընդդիմության ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ բանակցություններ վարելու հրավերը` «առանց նախնական պայմանների»:

Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը: 2011թվականի մարտից երկրում բախումներ են տեղի ունենում ընդդիմության ու Ասադի ուժերի միջև: