Թամամյանի գործը քննող Արշակ Վարդանյանը դեռ դատական նիստ չի նշանակել
Հատուկ քննչական ծառայության ՝ ՀՔԾ-ի կողմից իրականացված նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ոչնչացրել է իր կողմից քննվող երեք անձանց նկատմամբ սպանության փորձ իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը: Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի հաստատած մեղադրական եզրակացության մեջ:
Քրեական գործը հունվարի 27-ին ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար, սակայն դատական նիստի օր նշանակված չէ: Քրեական գործը մակագրված է դատավոր Արշակ Վարդանյանի անունով: Մեղադրանքը դատարանում կպաշտպանի դատախազ Հարություն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հ. Թամամյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում:
«Ձեռք բերված ապացույցների համաձայն` 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից հիշյալ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Հ. Թամամյանը, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաև իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու և հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց»,- նշված է մեղադրական հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հենց Թամամյանն էր փաստացի ղեկավարում 2010թ. մայիսի 12-ին Երևանի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի զարմիկի՝ Արսեն Ահարոնյանին և Պետրոս Գրիգորյանին հրազենային ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և Խաչիկ Մկրտչյանին սպանելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական գործողությունները:
Համաձայն մեղադրանքի՝ Թամամյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և մեկ այլ անձի՝ Վռամ Բաղդասարյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու և վերջինիս մեղավորությունը հիմնավորող ապացույցները նախաքննական մարմնին խեղաթյուրված ներկայացնելու միջոցով: Այն է` թաքցրել է իրեն հայտնի դարձած վերոհիշյալ հանցագործության կատարմանը Բաղդասարյանի մասնակցությունը և միջոցներ չի ձեռնարկել սպանության դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Թամամյանի գործով ևս երկու հոգի էր ճանաչվել ամբաստանյալ՝ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Ա. Պողոսյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության նախկին ավագ քննիչ Վ. Խանզադյանը:
Նրանք ևս մեղադրվում են պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ:
Քրեական գործը կազմում է 5 հատոր: Որպես իրեղեն ապացույց կցված են նաև Թամամյանի և մի շարք անձանց միջև բջջային և ծառայողական հեռախոսահամարներով կայացված խոսակցությունների ձայնագրությունը պարունակող մի շարք լազերային սկավառակներ: Դրանցից մեկը ստացված է ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետի, մյուսը ՝«Ղ-Տելեկոմ« ընկերության բաժնի պետի գրությամբ:









