«Տաշիր» հիմնադրամն օգնում է արյան քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին
Արյան քաղցկեղով հիվանդ և այս պահին բուժում ստացող 27 երեխաներից յուրաքանչյուրը կստանա 2000 ԱՄՆ դոլար: Գումարը երեխաներին տրամադրում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ «Օգնեմ» հիմնադրամի միջոցով:
«Օգնեմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, երգահան Էդգար Գյանջումյանի խոսքերով գումարը պետք է ծախսվի երեխաներին անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման և հետազոտության համար:
«Գումարը առձեռն նրանց չի տրամադրվելու: Թե ինչպես են ծախսվելու այս գումարները, յուրաքանչյուր ոք կարող է հետևել մեր կայքէջի միջոցով: Այս գումարը նրանք կարող են օգտագործել նաև այն պարագայում, երբ ցանկանան բուժումը շարունակել արտասահմանում»,- ասաց Գյանջումյանը:
Իսկ թե միջինը որքան գումար է անհրաժեշտ մեկ երեխային լիարժեք բուժման համար, Էդգար Գյանջումյանը պատասխանեց. «Դժվար է ասել, որովհետև հիվանդությունը անկանխատեսելի է, բայց այս պահին նաև կոռեկտ չեմ համարում որևէ թիվ ասել»,-ասաց նա:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանը տեղեկացրեց որ առաջիկայում երեխաները կստանան ծանուցում այն մասին, որ բանկում ունեն գումար և կարղ են այն ծախսել ցանկացած պահի:
27 երեխաների մեջ ընդգրկված են նորածիններից մինչև 17 տարեկան երեխաներ:
Գյանջումյանը տեղեկացրեց, որ «Օգնեմ» հիմնադրամը ստեղծվել է 2009թ.-ից և այս տարիների ընթացքում երեխաներին կրկին օգնել է դեղորայքի ձեռք բերման հարցում:
«Անցած տարի մենք Դիլիջանում ճամբար բացեցինք, որտեղ հանգստացան արյան քաղցկեղով հիվանդ երեխաներն ու նրանց ծնողները: Այս տարի ևս նման ծրագրեր կան»-ասաց նա:









