Դատարանը մասամբ բավարարում է «Գլենդել Հիլզ»-ի հայցն ընդդեմ «Ժամանակ»-ի
Այսօր դատարանը մասամբ բավարարել է «Ժամանակ» օրաթերթի դեմ «Գլենդել Հիլզ» ՍՊԸ-ի հայցը, այս մասին Tert.am-ին ասաց թերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» կենտրոն ՍՊԸ-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, բավարարելով պահանջը, զրպարտության համար վճիռ է կայացրել հօգուտ հայցվորի, ըստ որի, «Սկիզբ Մեդիա» կենտրոն ՍՊԸ-ից պետք է բռնագանձվի 200 հազ.դրամ:
Բացի այդ, 300 հազար դրամ էլ կբռնագանձվի՝ փաստաբանական ծառայությունների համար, որից 10 և 40 հազար դրամը՝ պետական վճարների մասով:
«Ժամանակ» օրաթերթը պարտավոր է նաև հերքել 2010թ. օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» վերնագրով հոդվածը:
Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ»-ը ընկերության «գործարար համբավը արատավորող տեղեկության» համար «Ժամանակ»-ից պահանջում էր 2 մլն դրամ, ինչպես նաև 500 հազար դրամ՝ դատական ծախսերի համար:
Թերթի փաստաբանը նշեց, որ դատավորի վճիռը «միանշանակ» կբողոքարկեն Վերաքննիչ ատյանում:
«Նախ մենք վճիռը չենք ստացել, որպեսզի իմանանք պատճառաբանական մասում ինչի է նման եզրահանգման եկել դատավորը»,- ասաց նա և հավելեց, որ հաշվի չի առնվել նաև սահմանադրության հարցը, որը պետք է կիրառվեր դատավորների նկատմամբ:
Նիկոլայ Բաղդասարյանը ևս մեկ անգամ նշեց, ո որ հոդվածում զրպարտության մասին խոսք անգամ չկար:









