Եվս մեկ զինվոր է սպանվել. պատճառը ատամի մածուկն է
Հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Փայլակ Շահնազարյանի սպանության պատճառը եղել է ատամի մածուկը: Միջադեպը , ըստ Tert.am-ի աղբյուրների՝ ծագել է այն բանից հետո, երբ գիշերը քնած Շահնազարյանի երեսին ծառայակիցը կատակով ատամի մածուկ է քսել:
Այնուհետև զինվորն արթնանալով՝ հայհոյել է ատամի մածուկը քսողին, ինչն էլ առաջացրել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանի վրդովմունքը, որը նախ տեղից բացականչել է, թե «ում մայրի՞կը…», ապա կրակել է Շահնազարյանի վրա:
Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՊՆ քննչական ծառայությունից հաստատեցին, որ սպանություն կատարելու մեղադրանքով ձերբակալված է Խաչատուր Սարգսյանը:









