Քաղբանտարկյալը մնում է քաղբանտարկյալ. Զուրաբյանը սրբագրում է Ջհանգիրյանի խոսքերը
Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը տարբերություն չի դնում քաղբանտարկյալների միջև: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ իր համար անընդունելի է երևույթը, երբ մարդկանց, որոնք նախկինում եղել են քաղբանտարկյալ, հետագայում այդպիսին չեն համարում:
«Անկախ նրանից, թե քաղբանտարկյալը հետագայում ի՞նչ է արել, ինչ գործարքների է գնացել, նրանց ես կրկին համարում եմ քաղբանտարկյալ»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝անդրադառնալով վերջին շրջանում Կոնգրեսին և «Ազատ դեմոկրատներ»-ին հարող քաղբանտարկյալների հրապարակային բանավեճին:
Լևոն Զուրաբյանն ավելացրեց , որ եղել են քաղբանտարկյալներ, որոնք զրկանքների պատճառով ներման խնդրագրեր են ներկայացրել Սերժ Սարգսյանին, սակայն վերջիններիս նույնպես ՀԱԿ համակարգողը «քաղբանտարկյալ» է համարում: «Դրա միակ մեղավորը իշխանությունն է, այլ ոչ այդ անհատները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀԱԿ պետաիրավական հարցերի համակարգող , նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն հայտարարել էր, որ այն քաղբանտարկյալները, ովքեր դիմումները Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանից՝ ՄԻԵԴ-ից հետ վերցնեն ,այլևս քաղբանտարկյալ կոչվելու իրավունք չեն ունենա:









