Անանյանն ինձ ասաց, որ չի ստացվել, գումարը չկա և ես շատ ուրախացա. Վարդան Ղուկասյան

16:55 • 31.01.12

«Սա ինձ համար լուսապսակ սրբություն, եկեղեցի կառուցելու նման մի բան է»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով, ինչպես այսօր հայտնի դարձավ իր սեփական միջոցներով ձեռք կբերի Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը:

Իր նախաձեռնությունը Ղուկասյանն այսպես բացատրեց. «որ մեր Ամենայն հայոց բանաստեղծի տունը գնենք և հատկացնենք մեր ժողովրդին»:

Հիշեցնենք, որ այսօր Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը լրագրողներին հայտնել էր, որ բնակարանը գնելու բանավոր պատրաստակամությունից բացի`Ղուկասյան եղբայրները նաև պարտավորագիր են տվել ԳՄ նախագահին այդ մասին:

Գյումրու քաղաքապետը Tert.am-ին տեղեկացրեց, որ Թումանյանի բնակարանը գնելու ցանկություն վաղուց ուներ և այդ մասին հայտնել էր: «Բայց ասացին, որ բարերար կար, չգիտեմ էլ ով է եղել, բայց երեկ ԳՄ նախագահ Լևոն Անանյանը ինձ ասաց, որ չի ստացվել, գումարը չկա և ես շատ ուրախացա»,- մանրամասնեց Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մեծանուն գրողի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել էր, որ իր պապի` Թբլիսիում գտնվող տունն արդեն գնորդ ունի որն, ի դեպ, մտադրություն էր հայտնել գործարքից հետո այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:

Մեր այն հարցին, թե որքան գումար է հատկացնելու, Վարդան Ղուկասյանը չի կարող պատասխանել, քանի որ ասաց, որ այդ մասին «իրենք պետք է ասեն»՝ նկատի ունենալով ԳՄ նախագահ Լևոն Անանյանին:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե որքանով է հետաքրքրված Գյումրիի քաղաքապետը Թումանյանի պոեզիայով։ «Ես պոեզիայի մարդ եմ և Հովհաննես Թումանյանի բազմաթիվ բանաստեղծություններ գիտեմ»,- ասաց Գյումրու քաղաքապետը:

Ի ապացույց նրա, որ ինքը խոսքով չէ «մեցենատ», այլ գործով Գյումրու քաղաքապետը Tert.am-ի հետ զրույցում մի քառատող արտասանեց «Թմկա բերդի առումը« պոեմից: