Ռոբերտ Քոչարյանը «խաղացող է, բայց լավ խաղացող չի». Պարույր Հայրիկյան

12:59 • 31.01.12

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լավ խաղացող չէ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ ղեկավարը նաև ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին շատ է գնահատել մինչև 1998-ը, երբ նա եղել է արցախյան քաղաքական գործիչ, սակայն նույնը նա չի կարող ասել այս օրերի համար:

«1999-ից հետո նրա հետ մի բան եղավ, չգիտեմ ինչ, բայց ես այժմ նրա նկատմամբ լավ տրամադրված չեմ»,- ասաց Հայրիկյանը:
Նա նաև ընգծեց այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ երկրում թուլացել է ՀՀ նախագահի դերը, բայց չցանկացավ կանխագուշակել, թե Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն, թե ոչ:

«Դա նրա իրավունքն է, ինչպես օրենքի սահմաններում ցանկացած ՀՀ քաղաքացունը: Քոչարյանը խաղացող է, բայց լավ խաղացող չի: Ինքը փոխեց Սահմանադրությունը այնպես, որ այսօր վարչապետը ավելի զորեղ է, քան նախագահը: Իսկ Սերժ Սարգսյանի ուժը այսօր մեծ է քանի որ խորհրդարանում մեծամասնություն են կազմում հենց իր կուսակցության ներկայացուցիչները»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ ղեկավարը նաև ծիծաղելի համարեց այն, որ այսօր ՀԱԿ-ը ցանկանում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկայում դառնա ՀՀ նախագահ:

«Եթե խորհրդարանում ՀԱԿ-ը չկազմի մեծամասնություն, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը նման կլինի անգլիական թագուհուն»,-նկատեց նա:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վարած քաղաքականությանը՝ Պարույր Հայրիկյանը նշեց, որ նա հավատարիմ է կոալիցիայի հետ կնքված համաձայնագրին:

«Վերջին հանդիպմանը, երբ ես ներկայացնում էի մեր ծրագիրը, նկատեցի որ նա հավատարիմ է կոալիցիայի հետ համաձայնագրին: Նա առաջարկում էր ուշադիր լսել, բայց ասում էր մենք ինքնուրույն որոշում չենք ընդունի»,- ասաց Հայրիկյանը: