Ֆրանսիային միջնորդական առաքելությունից զրկելը Մինսկի խմբի գործն է. ԵՄ

14:31 • 31.01.12

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից Ֆրանսիայի հետկանչի հարցը միայն այս կառույցի որոշելիք հարցն է»: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Բաքվում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան` անդրադառնալով ադրբեջանական ու թուրքական հանրությունների` Ֆրանսիային ՄԽ համանախագահությունից զրկելու առաջարկին:

«Իմ կարծիքով` վերջին օրերին նման առաջարկներն ու հայտարարությունները հեռուն են գնացել: Ես չեմ գտնում, որ դա ճիշտ է և իրականությունն է արտացոլում»,- ասել է նա:

Կոբիայի խոսքով` այդ որոշումն ընդունվել է ազգային մակարդակով, «իսկ Եվրամիությունը չունի լիազորություններ միջամտել ազգային որոշումներին»:

«Անկասկած, սա շատ լուրջ քայլ է: Ոմանք դրան դրական են գնահատում, ոմանք` բացասական, սակայն Եվրամիությունը չի կարող միջամտել այդ որոշումներին»,- ընդգծել է Կոբիան:

Ադրբեջանին ու Թուրքիային «զայրացրել» է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: