Թումանյանի տունը կգնի ոչ թե Գագիկ Ծառուկյանը, այլ` Գյումրու քաղաքապետը
Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան մի մասը, որտեղ բնակվում է Լեժավա ազգանունով Վրաստանի մի քաղաքացի, կգնի Ղուկասյանների ընտանիքը` ի դեմս Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ Գյումրու քաղաքապետը բնակարանը ձեռք է բերելու իր սեփական միջոցներով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրողների միության (ԳՄ) նախագահ Լևոն Անանյանը:
Բնակարանը գնելու բանավոր պատրաստակամությունից բացի`Ղուկասյան եղբայրները նաև պարտավորագիր են տվել ԳՄ նախագահին այդ մասին: Այսօր առավոտյան ՀՀ գրողների միության նախագահը խոսել է Լեժավայի հետ: Վերջինս, ըստ Լ. Անանյանի, պատրաստ է ևս մի քանի շաբաթ սպասել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, թե «վիճահարույց» տունը գնելու է «Բարգավաճ Հայասատան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Այս լուրերին նախորդել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը, որի ժամանակ հայ մեծանուն գրողի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել էր, որ իր պապի` Թբլիսիում գտնվող տունն արդեն գնորդ ունի որն, ի դեպ, մտադրություն էր հայտնել գործարքից հետո այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:
Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով ևս ներկա էր եղել վարչապետի մոտ կայացած քննարկմանը, Tert.am-ի հետ զրույցում այն ժամանակ հաստատել էր, որ կա այդպիսի գործարար, սակայն նպատակահարմար չէր համարել նշել նրա անունը։
Ավելի վաղ ՀՀ Մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ևս նշվում էր, որ բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ պետք է քննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը:
Լևոն Անանյանը այսօր ևս հաստատեց, որ տունը գնելուց հետո նվիրաբերվելու է վրաց հայ համայնքին, իսկ տեղում կհիմնվի Թումանյանի անվան մշակույթի տուն:
Բանաստեղծի թոռնուհին` Իռմա Սաֆրաստբեկյանը, ուրախությամբ փաստեց, որ խնդիրն արդեն լուծված է, և ինքն այլևս չի զբաղվի այդ հարցով: Նա նաև նշեց, որ բնակարանի գնորդի մասին ինքը որև մեկի ոչինչ չի ասել:










