Կոռուպցիոն բուրգի գլխին Սերժ Սարգսյանն է. Զոյա Թադևոսյան
«Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) դաշինքի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը երկրում կոռուպցիոն դրսևորումների տարածման գլխավոր մեղսավոր է համարում նախագահ Սերժ Սարգսյանին:
Այսօր Հայաստանի կուսակցությունների 2012թ. քաղաքական օրակարգին նվիրված քննարկման ժամանակ նա ասաց, որ հենց Սերժ Սարգսյանն է կանգնած կոռուպցիոն բուրգի գլխին:
«Ամեն ինչ սկսվում է նրանից, որ ընտրությունները կեղծվում են: Եթե մարդը չունի քաղաքական կամք, չի կարողանում կառավարել և թողնում է, որպեսզի կոռուպցիան բնականոն ճանապարհով զարգանա, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:
Զոյա Թադևոսյանը հիշեցրեց, որ կոռուպցիան հանցագործություն է, որն ամրագրված է օրենքով: Նա նաև կոռուպցիայի հետևանք համարեց իր իսկ խոսքերով «մեծ թափ առած արտագաղթը»:
«Ո՞վ է պատասխան տալու արտագաղթածների համար: Որևէ մեկը բարձրաձայնո՞ւմ է այն մասին, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը այնքան վատ է, որ մարդիկ թողնում են իրենց բնօրրանը»,-հարցադրում արեց նա:









