Նալբանդյան 106/1 շենքի բնակիչները դեմ են նաև 9 հարկին

16:23 • 02.02.12

Երևանի Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների, Երևանի գլխավոր ճարտարապետի Նարեկ Սարգսյանի և «Ավագշին» ընկերության ներդրողի միջև երեկվա հանդիպումն անարդյունք է ավարտվել, այս մասին Tert.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով կուսակից մի քանի պատգամավորների հետ արդեն մեկ տարի պայքարում է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների իրավունքների վերականգնման համար:

«Բնակիչներին զիջելով՝ շինարարները շենքի նախապես նախատեսված 16 հարկը դարձրել էին 9, սակայն եղան բնակիչներ, որոնք դեմ էին նաև 9 հարկին: Այնպես որ, համաձայնության չեկան»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ 2011թ.տարեվերջից այս տարածքում ընթացող շինարարական աշխատանքները դադարեցված էին և «կողմերի» միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ շինարարությունը կվերսկսվի միայն այն դեպքում, երբ բնակիչների, շինարարների ու Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների համատեղ համաձայնությամբ կհաստատվի ապագա շենքի նախագիծը: Միայն դրանից հետո պետք է ստացվեր այս տարածքում էլիտար շինարարության թույլտվությունը:

Բախշյանը նաև ասաց, որ կառավարության որոշման վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխվել:
«Ես ասացի, որ ընդամենը ներկա եմ եղել և որ որևէ կողմնակալ մոտեցում, շահ չեմ ներկայացնում»,- ասաց Անահիտ Բախշյանը` ավելացնելով, որ կառավարության կողմից այս տարածքը գերակա շահ ճանաչելու մասին իր` ի սկզբանե բացասական դիրքորոշումը չի փոխել, բայց քանի որ այդ տարածքում արդեն կա հսկա փոս, և բնակիչների առօրյան խախտված է, պատգամավորը կողմնակից է, որ այստեղ ինչ-որ բան կառուցվի:

Ինչ վերաբերում է Երևանի գլխավոր ճարտարապետին, ապա Բախշյանի խոսքով, նա վստահեցրել է, որ թեև արդեն առկա փորձագիտական դրական եզրակացություններին, բնակիչների ցանկությամբ կանցկացվի կրկնակի փորձաքննություն` իրենց իսկ ընտրած ընկերությունների կողմից։