FBI-ի գործակալները սխալմամբ անմեղ մարդու տան դուռն են սղոցել
Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործակալները Ֆիթչբուրգ քաղաքում ստուգումների ժամանակ սխալմամբ սղոցել են բոլորովին այլ բնակարանի դուռը:
Ինչպես հաղորդում է CBS Boston-ը, ՀԴԲ- ի աշխատակիցները թմրանյութեր ու զենք վաճառողների բանդան վնասազերծելու համար, 2F բնակարանի փոխարեն, առավոտյան ժամը 7-ին ներխուժել են 2R բնակարան, որտեղ գտնվել է մի կին իր երեքամյա երեխայի հետ:
Կինը պատմել է, որ ապշահար է եղել, երբ տեսել է, թե ինչպես են սղոցում դուռը: Սղոցելուց հետո, գործակալները կնոջը հրամայել են պառկել գետնին: Վերջինիս խոսքով` նա պառկած է մնացել 35 րոպե: Վերջապես բյուրոյի աշխատակիցները գլխի են ընկել, որ սխալ հասցեով են եկել, կնոջից ներողություն են խնդրել և խոստացել վերականգնել դուռը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, բյուրոն այդ օրը ձերբակալել է 16 մարդու:









