Ցրտին զոհ գնացած եվրոպացիների թիվն աճել է

20:31 • 02.02.12

Արևելյան Եվրոպայում շարունակվող աննախադեպ ցուրտ եղանակի պատճառով զոհվածների թիվը աճել է, հաղորդում է CNN-ը` հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:

Անցած ուրբաթ օրվանից ի վեր Ուկրաինայում ցրտին զոհ է գնացել 63 հոգի` հիմնականում անօթևաններ: Եվս 1100 հոգի դիմել է բուժհիմնարկներ` ցրտահարությունից կամ հիպոթերմիայից գանգատներով:

Ուկրաինայում սկսել է գործել 2132 ջեռուցվող վրան, որոնք տաք անկյուն և խմիչքներ են առաջարկում բոլոր կարիքավորներին: Առաջիկա օրերին նման վրանների թիվը կավելանա 90-ով: Անցած գիշեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ջերմաստիճանը կազմել -25, 5 աստիճան` տասնամյակներ ի վեր այդ երկրում գրանցված ամենացածր ցուցանիշը:

Լեհաստանում այս պահի դրությամբ ցրտերի զոհերի թիվը հասել է 29-ի: Այնտեղ` երկրի հարավ-արևելքում, գիշերը ջերմաստիճանը կազմել է -34 աստիճան ըստ Ցելսիուսի:

Գիշերը արտասովոր ուժեղ ձյուն է տեղացել կենտրոնական և հյուսիսային Իտալիայում: Այնտեղ ֆուտբոլային շատ խաղեր հետաձգվել են եղանակային պայմանների պատճառով: Նաև տրանսպորտային խնդիրներ են առաջացել: Իտալիայի հյուսիսում գտնվող Ֆերարա քաղաքում ձյան շերտի բարձրությունը հասել է 12 սմ-ի, ինչը չլսված-չտեսնված բան է այդ տեղանքում և անգամ դա տրաննսպորտային խնդիրներ է առաջացրել:

Ցրտերը չեն մեղմվի ցամաքային Եվրոպայում մինչև հաջորդ շաբաթ: