Համարբերգը կոչ է արել հակամարտությունները լուծելիս ուշադրություն դարձնել մարդու իրավունքներին
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը կոչ է արել ԵԱՀԿ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) տարածաշրջանում սառեցված հակամարտությունները լուծելիս մեծ ուշադրություն դարձնել մարդու իրավունքներին:
Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից, Վիեննայում (Ավստրիա) մեկնարկած ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում Համարբերգը հավելել է, թե Եվրոպայի խորհուրդն այդ առնչությամբ պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ-ի հետ:
«Չնայած ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի մանդատների տարբերությանը` երկու կազմակերպությունների գերակայությունները նման են, մասնավորապես, մարդու իրավունքներին առնչվող հարցերում,-ասել է Համարբերգը և հավելել,-շատ կարևոր է ամրապնդել և համակարգել համագործակցությունն այդ կառույցների միջև»:
Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերին Վիլնյուսում (Լիտվա) կայացած նախարարների մակարդակով հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ի անդամ երկրները հաստատեցին, որ տարբեր փուլերում հակամարտությունների կարգավորման ժամանակ «պետք է ջանքեր գործադրվեն մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների խախտումների, խտրականությունների և անհանդուրժողականության դեմ պայքարելու համար»:
Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ երկրները (որոնց թվում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը) ընդգրկված են նաև ԵԱՀԿ-ի կազմում:









