Հայաստանում ինքնասպանությունների հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ չնայած այն կարծրատիպին, թե Հարավային Կովկասում մարդիկ սոցիալական խնդիրներով պայմանավորված ինքնասպանություն գրեթե չեն գործում, Հայաստանում ինքնասպանությունների հիմնական պատճառը սոցիալական ծանր վիճակն է:
«Եթե 40-60 տարեկան տղամարդն է ինքնասպանություն գործում, ապա դա միանշանակ սոցիալական պատճառ ունի»: Եթե դա անում է դեռահասը ապա պատճառը սերն է: Եվ, առհասարակ, ըստ սոցիոլոգի, ինքնասպանությունները հիմնականում տնտեսական ճգնաժամների հետևանք են:
Ահարոն Ադիբեկյանը, այդուհանդերձ, կարծում է, որ աշխարհի այլ պետությունների համեմատ (առաջատարներից է Էստոնիան` 100.000 մարդու հշվով 33.2 դեպք) Հայաստանում ինքնասպանությունների ցուցանիշն այդքան էլ բարձր չէ: Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանում 2011թ. արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 647 դեպք:
«ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի համոզմամբ` Ազգային ժողովը և պետական մարմինները պետք է անցկացնեն լսումներ, որոնք կվերհանեն Հայաստանում ինքնասպանությունների պատճառները և կօգնեն մշակել դրանց կանխարգելման մեխանիզմներ:
«Տենդենցները շատ մտահոգիչ են, բայց, ցավոք սրտի, դժվարանում եմ ասել, թե որ հանձնաժողովը պետք է այդ լսումներն անցկացնի, բայց որ պետական կառույցները, այդ թվում ԱԺ-ն պետք է անցկացնեն նման լսումներ, դրանում կասկած չունեմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Թե կոնկրետ որն է ինքնասպանությունների թվի ավելացման պատճառը Ստեփան Սաֆարյանը դժվարանում է ասել, սակայն վստահ է, որ ինքնասպանություն գործողներին կամ նման փորձեր անողներին միավորում է մեկ բան: «Դա անելանելիությունն է, խնդրի լուծման հարցում, երբ ինքնասպանության դիմող անձը չի տեսնում որևէ լուծում»:
Ստեփան Սաֆարյանին մեկ անգամ վիճակվել է Կիևյան կամուրջի վրա մեկ մարդու հետ պահել ինքնասպանություն գործելուց: Ավելի ուշ քաղաքացին պատմել է, որ ինքնասպանության փորձն արել է սոցիալական խնդիրներից դրդված:
Նշենք, որ այսօրվ առավոտյան հանրապետությունում տեղի է ունեցել ինքնասպանության երկու դեպք` մեկը Ջաջուռ գյուղի տարածքում գտնվող Ջարդի ձորում, իսկ մյուսը`Նոր Հաճնում:









